27.01.2013

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ



Աստվածաշնչի միասնությունը նրա ներշնչված լինելու առաջին ապացույցն է:

Գոյություն ունենալու իրավունքի համար ցանկացած տեսություն կամ ուսմունք պետք է լինի ոչ հակասական: Եթե տեսությունն ինքն իր մեջ ունի ներքին հակասություն, ապա այն չարժե նույնիսկ դիտարկել և որևէ բնագավառում օգտագործել:

Աստվածաշնչի թշնամիները պնդում են, որ Աստվածաշունչը լի է հակասություններով, սակայն նրանցից քչերն են փորձում որևէ օրինակ բերել: Լրջախոհ մոտեցման դեպքում նկատում ենք, որ այսպես կոչված «հակասությունները» սխալ ըմբռնման արդյունք են: Շատ անհավատներ, ձգտելով որևէ հակասություն գտնել Սուրբ գրքում, այնտեղ տեսնում են Աստվածաշնչի միասնության անառարկելի ապացույցը, և եթե նրանք անկեղծ են, ապա դառնում են Աստվածաշնչի հավատարիմ հետևորդներ:

Սկսած Աստվածաշնչի առաջին գրքից՝ Ծննդոցից մինչև վերջին գիրքը՝ Հայտնությունը, անցնում է մեկ միասնական գիծ՝ Աստծո փրկության ծրագիրը Հիսուս Քրիստոսի միջոցով:

Սուրբ գիրքը գրող 40 անձնավորությունները ապրել են տարբեր ժամանաշրջաններում, պատկանել են տարբեր խավի, ունեցել են տարբեր կրթություն, խոսել են տարբեր լեզուներով, ապրել են տարբեր վայրերում, մի խոսքով, նրանք մեկը մյուսից շատ են տարբերվել:

Աստվածաշնչյան գրքերի ոճերի բազմազանությունը վկայում է յուրաքանչյուր գրողի անհատականության մասին:

Աստված Իր խոսքը հաղորդել է տարբեր գրողների միջոցով և նրանցից յուրաքանչյուրը պահպանել է իր անհատականությունը: Յուրաքանչյուր գրող օգտագործել է իր ստեղծագործական անհատականությունը ընդգծող բառեր և արտահայտություններ: Արդյունքում ճշմարտությունը Սուրբ գրքում ներկայացված է հարուստ և ներդաշնակ:

Աստվածաշունչը գրել են փիլիսոփա Պողոսը և հովիվ Ամովսը, բժիշկ Ղուկասն ու ձկնորս Հովհաննեսը, իմաստուն արքա Սողոմոնը ու անգրագետ Երեմիան: Մյուս գրողները նույնպես էապես տարբերվել են մեկը մյուսից, սակայն այդ բազմազանության առկայության պայմաններում տեսնում ենք միայն միասնություն և ընդհանուր նպատակի ձգտում: Այդպիսի վկայությունը հավաստում է այն մասին, որ Աստվածաշնչի հեղինակը մեկն է՝ Աստված: Բնական է, որ հաղորդելով իր փրկարար լուրը մարդկանց միջոցով, Աստված չէր կարող Ինքն Իրեն հակասել:

Սուրբ գրքի աստվածային հեղինակությունը աստվածաշնչյան գրքերի միասնության հիմքն է հանդիսանում: Սուրբ Հոգու առաջնորդությամբ գրողներից յուրաքանչյուրը բացահայտել է ճշմարտության այն կողմը, որը առանձնահատուկ ձևով կնքվել է նրա գիտակցության մեջ: Դրա հետևանքով, հավաքված բոլոր գրքերը պարունակում են աստվածային ճշմարտությունը և մեկը մյուսի հետ միանգամայն ներդաշնակության մեջ են գտնվում:      
              
Աստվածաշնչյան գրքերի միասնականությունը հասկանալու համար մեծ նշանակություն ունի նաև աստիճանական հայտնության գաղափարը: Աստված մարդուն հայտնում է քայլ առ քայլ, սերունդ առ սերունդ, տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում:

Աստծո խոսքի միասնությունը տեսանելի է միայն նրանց, ովքեր քննում են այն ուշադրությամբ և լրջորեն: Տարբեր տեսանկյուններից ճշմարտության շարադրումը՝ Աստծո Խոսքը ընդունակ է դարձնում մարդկության տարբեր ներկայացուցիչների կարիքները բավարարելու և հաստատում է նրա համապարփակությունը:

Комментариев нет:

Отправить комментарий