1. Դավանաբանություն

Ամեն միաշաբթի (կիրակի) այս բաժնում տեղակայվում են աստվածաշնչյան ուսմունքը և վարդապետությունը շարադրող հոդվածները և նյութերը։

Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 4 հոդված։



1. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆ


Ամեն կիրակի օր (աստվածաշնչյան լեզվով ասած. միաշաբթի) ժամանակ կտրամադրենք դավանաբանական ու վարդապետական հարցերին։ Այսօրվանից սկսած կխոսվի դավանաբանական ամենաառաջին և կարևոր հարցի մասին, Աստվածաշնչի և աստվածային հայտնության։

*  *  *

Աստվածաշունչը Աստծո մեծագույն դասագիրքն է մարդկության համար, այն մանուկ և երիտասարդ սերնդի անփոխարինելի դաստիարակն է: Որպես կյանքի ուղեցույց ոչ մի գիրք չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ: Այն պարունակում է բարոյականության կատարյալ օրենքները, սովորեցնում, ինչպես քայլ առ քայլ բարձրանալ սրբության ու մաքրության գագաթնակետը:

Շատ հետևորդներ ունի Աստվածաշունչը, բայց ավելի շատ՝ հակառակորդներ: Աստվածաշնչից զատ չկա մեկ այլ գիրք, որ այդքան սիրված և, միևնույն ժամանակ, այդքան ատելի լինի. այդքան պատկառելի ու մեծարված և այդքան անիծված ու հալածված: Բյուրավորներ իրենց կյանքն են զոհել հանուն Աստվածաշնչի: Նա մարդկանց մեծագույն և ազնվագույն գործողությունների և արարքների է ոգեշնչել:
Աստվածաշունչը լուսավորում է ապագայի անթափանց խավարը, կանխանշելով ապագա դեպքերը նրանց կատարվելուց հազարավոր տարիներ առաջ: Աշխարհի այսօրվա վիճակը նույնպես մանրամասն նկարագրված է այդ Սուրբ Գրքի էջերում: Մեր խռովահույզ, անհանգիստ ու տագնապներով լի ժամանակաշրջանում հոգուն խաղաղություն և անդորր կարող է տալ միայն Աստվածաշնչի Հիսուսը:   

Աստվածաշունչը միակ գիրքն է, որ պատասխանում է հարցերի, որ դարեր շարունակ հուզել են մարդկանց. «Որտեղի՞ց է մարդը», «Ի՞նչ է կատարվում մարդու հետ մահից հետո», «Ինչո՞ւ ենք մենք այստեղ երկրի վրա», «Կարո՞ղ ենք արդյոք, հասկանալ կյանքի իմաստն ու նշանակությունը» և այլն:

Միայն Սուրբ Գիրքն է հայտնում ճշմարտությունն Աստծո մասին, ցույց տալիս հավերժական կյանքի ճանապարհը և բացատրում մեղքի ու տառապանքի հավերժական հիմնահարցերը:

Աստվածաշունչը Աստծո հայտնությունն է՝ տրված մարդկանց, որպեսզի մարդիկ գտնեն փրկության ճանապարհը, այսինքն ընդունակ դառնան Աստծո հետ համատեղ կյանքով ապրելու: Աստվածաշնչի այս նպատակը պետք է հիշել այն ուսումնասիրելիս, քանի որ հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու է Աստվածաշունչը հիշատակում որոշ դեպքեր և բաց թողնում մյուսները, պատասխանում որոշակի հարցերին և լռում առաջին հայացքից նույնպես կարևոր թվացող հարցերի մասին:

«Ով բոլոր ծարավներ, եկեք ջրերի մոտ, և դուք, որ փող չունեք, եկեք, ծախու առեք և կերեք, եկեք, առեք առանց փողի, առանց վճարի՝ գինի և կաթ: Ինչո՞ւ եք փող վճարում, և ոչ թե հացի համար, և ձեր վաստակը՝ չկշտացնող բանի համար: Մեկ ինձ լսեցեք, որ բարիք ուտեք, և ձեր հոգին զվարճանա պարարտությունով: Ձեր ականջը խոնարհեցրեք, և Ինձ մոտ եկեք, լսեցեք և ձեր հոգին կապրե, և ձեզ հետ հավիտյան ուխտ պիտի դնեմ» (Եսայիա 55.1-3):

2.  ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԿԱԶՄԸ

 Աստվածաշունչը գրքերի ժողովածու է, և այդ իսկ պատճառով ոչ հայերեն անվանումներում օգտագործվում է «Բիբլիա» (βιβλία - գրքեր) հունարեն բառը: Աստվածաշունչը բաղկացած է 66 ոչ մեծ գրքույկներից, որոնցից հնագույնները գրվել են Քրիստոսի ծննդից 1500 տարի առաջ, իսկ վերջինները՝ Քրիստոսի ծննդից 100  տարի հետո: Այսպիսով Սուրբ Գիրքը գրվել է 1600 տարվա ընթացքում

 Աստվածաշունչը բաղկացած է երկու մասից՝ Հին կտակարանից և Նոր կտակարանից: Հին կտակարանը  կամ Հին ուխտը պարունակում է 39 գիրք. իսկ նորը՝ 27:  Նոր կտակարանը՝ ոմանց կարծիքով  Աստվածաշնչի ավելի կարևոր մասն է հանդիսանում, ուստիև հրատարակվում է նաև առանձին հատորով: Նոր կտակարանի առաջին չորս գրքերը անվանվում են ավետարաններ, այսինքն՝ «Բարի լուր» Հիսուս Քրիստոսով փրկության մասին:

Չնայած այն հանգամանքին, որ Նոր կտակարանը լույս է սփռում Հին կտակարանի վրա, բայց դա ամենևին չի նշանակում, որ Աստվածաշնչի ինչ-որ մասն ավելի կարևոր է մյուսից։  Այսօր շատ «քրիստոնյաներ» արհամարհում են կամ անտեսում Հին կտակարանը, Նոր կտակարանից Հայտնության գիրքը կամ այլ մասեր Աստվածաշնչից։

Այս կապակցությամբ Քրիստոսը զգուշացրեց. «Նրանք Մովսեսին և մարգարեներին ունեն, թող նրանց լսեն... Եթե Մովսեսին և մարգարեներին ականջ չեն դնում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնե» (Ղուկաս 16.29,31)։ Նաև՝ «Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39)։ Այս խոսքերն ասելիս, Քրիստոսն ի նկատի ուներ Հին կտակարանը, քանի որ այդ ժամանակ միայն Հին կտակարանն էր գրված։

Աստվածաշունշն ավարտվում է խիստ զգուշացմամբ. «Ես վկայում եմ ամենին, որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե մեկը մի բան ավելացնե սրանց վրա, Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնե, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքից, և սուրբ քաղաքից, և այս գրքում գրվածներից» (Հայտնություն 22.18-19)։

                             3.   ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՂԻՆԱԿԸ


 Ինչպես ցանկացած գիրք, այնպես էլ Աստվածաշունչը ունի իր հեղինակը, սակայն տվյալ պարագայում, ի տարբերություն մնացած դեպքերի, Աստվածաշնչի հեղինակը մարդը չէ, այլ Ինքն Աստված: Աստված Իրեն հայտնել է Հին և Նոր կտակարանների միջոցով: Այդ իմաստով կարելի է ասել, որ Աստված Սուրբ գրքի Հեղինակն է: Գոյություն ունեն Սուրբ գրքի աստվածային ծագման ապացույցներ, որոնց կանդրադառնանք ընթացքում:

Իսկ հիմա պարզենք, թե իր հեղինակի մասին ինչ է ասում Աստվածաշունչը: Կարդանք Սուրբ գրքից մի հատված. «Երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ»  (Բ Պետրոս 1.21):

Աստվածության երրորդ անձնավորությունը՝ Սուրբ Հոգին, առաջնորդել, ուղղորդել է Աստծուն նվիրված մարդկանց մտքերը Աստվածաշնչի գրվածքը շարադրելիս: Հայտնի քարոզիչ և առաքյալ Պողոսը գործակից Տիմոթեոսին հղած ուղերձում գրում է. «Ամեն գիրք Աստվածաշունչ են» (Բ Տիմոթեոս 3.16): Այստեղ շեշտվում է այն գաղափարը, որ Աստվածաշնչում տեղ գտած յուրաքանչյուր գիրք գրված է «Աստծո շնչով»: Սուրբ Գրքի հայերեն անվանումը՝ «Աստվածաշունչ» իմաստային արտահայտման տեսակետից ավելի ճշգրիտ անվանում է, քան «Բիբլիան»:

 Մեկ մեջբերում ևս Աստվածաշնչյան Եբրայեցիս գրքից. «Շատ մասերով և շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջի օրերում խոսեց մեզ հետ Որդով» (Եբրայեցիս 1.1-2):

Այս հատվածից հետևում է, որ Աստված Իր ճշմարտությունները հաղորդել է և հաղորդում է «սուրբ մարդկանց» և մարգարեների միջոցով, օգտագործելով հաղորդկացության տարբեր ձևեր: Աստված նրանց ուղարկում էր մտքեր, գաղափարներ, երազներ, տեսիլքներ, որոնք նրանք շարադրում էին իրենց խոսքերով: Չնայած նրանց վկայությունները կատարվում էին մարդկային անկատար լեզվով, սակայն նրանք մնում են որպես հենց իր՝ Աստծո վկայություններ:

Նրանք, ովքեր գրում էին Աստծո մտքերն ու գաղափարները, Աստծո գրիչը չէին հանդիսանում: Ներշնչումը ոչ թե ներգործում է մարդու խոսքերի ու արտահայտությունների վրա, այլ հենց մարդու վրա: Խոսքերը կրում են տվյալ անձնավորության կնիքը: Իհարկե, տվյալ դեպքում բացառություն են կազմում 10 պատվիրանները, որոնք գրվել են անձամբ Աստծո ձեռքով:

Այսպիսով Աստվածաշնչում միաձուլված են աստվածայինը և մարդկայինը: Բանը «մարմին եղավ՝ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1.14): Այս խոսքերը, որ վերաբերվում են Քրիստոսի մարմնացմանը, իրավացի են տվյալ պարագայում նույնպես:

Գրողները, որոնք մասնակցել են ամբողջ Սուրբ գրքի կազմմանը թվով մոտ քառասունն են:

Սիրելի ընթերցող, Աստված քեզ համար կազմել է հատուկ գիրք՝ Աստվածաշունչը, ուստի արժե դրան առանձնահատուկ ուշադրություն ընծայել։


4.  ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ


Աստվածաշնչի միասնությունը նրա ներշնչված լինելու առաջին ապացույցն է:

Գոյություն ունենալու իրավունքի համար ցանկացած տեսություն կամ ուսմունք պետք է լինի ոչ հակասական: Եթե տեսությունն ինքն իր մեջ ունի ներքին հակասություն, ապա այն չարժե նույնիսկ դիտարկել և որևէ բնագավառում օգտագործել:

Աստվածաշնչի թշնամիները պնդում են, որ Աստվածաշունչը լի է հակասություններով, սակայն նրանցից քչերն են փորձում որևէ օրինակ բերել: Լրջախոհ մոտեցման դեպքում նկատում ենք, որ այսպես կոչված «հակասությունները» սխալ ըմբռնման արդյունք են: Շատ անհավատներ, ձգտելով որևէ հակասություն գտնել Սուրբ գրքում, այնտեղ տեսնում են Աստվածաշնչի միասնության անառարկելի ապացույցը, և եթե նրանք անկեղծ են, ապա դառնում են Աստվածաշնչի հավատարիմ հետևորդներ:

Սկսած Աստվածաշնչի առաջին գրքից՝ Ծննդոցից մինչև վերջին գիրքը՝ Հայտնությունը, անցնում է մեկ միասնական գիծ՝ Աստծո փրկության ծրագիրը Հիսուս Քրիստոսի միջոցով:

Սուրբ գիրքը գրող 40 անձնավորությունները ապրել են տարբեր ժամանաշրջաններում, պատկանել են տարբեր խավի, ունեցել են տարբեր կրթություն, խոսել են տարբեր լեզուներով, ապրել են տարբեր վայրերում, մի խոսքով, նրանք մեկը մյուսից շատ են տարբերվել:

Աստվածաշնչյան գրքերի ոճերի բազմազանությունը վկայում է յուրաքանչյուր գրողի անհատականության մասին:

Աստված Իր խոսքը հաղորդել է տարբեր գրողների միջոցով և նրանցից յուրաքանչյուրը պահպանել է իր անհատականությունը: Յուրաքանչյուր գրող օգտագործել է իր ստեղծագործական անհատականությունը ընդգծող բառեր և արտահայտություններ: Արդյունքում ճշմարտությունը Սուրբ գրքում ներկայացված է հարուստ և ներդաշնակ:

Աստվածաշունչը գրել են փիլիսոփա Պողոսը և հովիվ Ամովսը, բժիշկ Ղուկասն ու ձկնորս Հովհաննեսը, իմաստուն արքա Սողոմոնը ու անգրագետ Երեմիան: Մյուս գրողները նույնպես էապես տարբերվել են մեկը մյուսից, սակայն այդ բազմազանության առկայության պայմաններում տեսնում ենք միայն միասնություն և ընդհանուր նպատակի ձգտում: Այդպիսի վկայությունը հավաստում է այն մասին, որ Աստվածաշնչի հեղինակը մեկն է՝ Աստված: Բնական է, որ հաղորդելով իր փրկարար լուրը մարդկանց միջոցով, Աստված չէր կարող Ինքն Իրեն հակասել:

Սուրբ գրքի աստվածային հեղինակությունը աստվածաշնչյան գրքերի միասնության հիմքն է հանդիսանում: Սուրբ Հոգու առաջնորդությամբ գրողներից յուրաքանչյուրը բացահայտել է ճշմարտության այն կողմը, որը առանձնահատուկ ձևով կնքվել է նրա գիտակցության մեջ: Դրա հետևանքով, հավաքված բոլոր գրքերը պարունակում են աստվածային ճշմարտությունը և մեկը մյուսի հետ միանգամայն ներդաշնակության մեջ են գտնվում:     
               
Աստվածաշնչյան գրքերի միասնականությունը հասկանալու համար մեծ նշանակություն ունի նաև աստիճանական հայտնության գաղափարը: Աստված մարդուն հայտնում է քայլ առ քայլ, սերունդ առ սերունդ, տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում:

Աստծո խոսքի միասնությունը տեսանելի է միայն նրանց, ովքեր քննում են այն ուշադրությամբ և լրջորեն: Տարբեր տեսանկյուններից ճշմարտության շարադրումը՝ Աստծո Խոսքը ընդունակ է դարձնում մարդկության տարբեր ներկայացուցիչների կարիքները բավարարելու և հաստատում է նրա համապարփակությունը:


Комментариев нет:

Отправить комментарий