7. Բազմազան նյութեր

Այս բաժնում կարող եք հանդիպել ամենատարբեր տեղեկատվության և նյութերի. պարզապես հետաքրքրաշարժ նյութեր, լուսաբանող օրինակներ, հոգևոր փորձառություններ, պատմական տվյալներ, կենսագրական նյութեր, ասույթներ, բարոյական ու խրատական ակնարկներ և այլն։ Այստեղ կհանդիպենք ամեն շաբաթ օր։

Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 4 հոդված։ 


1.  ՔՍԱՆ ՐՈՊԵԻ ԿԱՆՈՆԸ

Քսան րոպե կարելի է դիմանալ ցանկացած բանի, որը դուք չեք ցանկանում անել։ Դա լավ միջոց է ինչ-որ բան սկսելու համար, ծուլության դեմ պայքարելու համար և սեփական մոտիվացիան բարձրացնելու համար։

Նա, ով սպորտով է զբաղվում օրական 20 րոպե, պետք չէ, որ անհանգստանա իր առողջության մասին։

Նա, ով օրական 20 րոպե է տրամադրում տունը հավաքելուն, չի անհանգստանա տան կարգուկանոնի մասին։

Նա, ով օրական 20 րոպե է տրամադրում կնոջ և ամուսնու հետ շփվելուն, չի անհանգստանա փոխհարաբերություններում խնդիրների կապակցությամբ։

Նա, ով օրական 20 րոպե է տրամադրում օրագրում նշումներ անելուն, երբեք գաղափարների պակաս չի ունենա։

Նա, ով օրական 20 րոպե է տրամադրումկարելի է անվերջ շարունակել, բայց ես ուզում էի մեկն էլ գրել։

Նա, ով օրական 20 րոպե է տրամադրում Աստվածաշունչը կարդալուն, կունենա բազում օրհնություններ Աստծո կողմից։

Օրական 20 րոպե Աստվածաշունչ կարդալով, կարելի է այն մեկ տարում ընթերցել-ավարտել սկզբից մինչև վերջ։ 

Քրիստոնյաների մեծ մասը ԵՐԲԵՔ չի կարդացել Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Դա մեծ բացթողում է։ 

Սիրելի քրիստոնյա քանի՞ անգամ ես Աստվածաշունչը կարդացել սկզբից մինչև վերջ։

Նկատում եմ, որ 21-րդ դարը կարդալու տեսակետից դարձել է թեզիսների դար։ Ամենուր կարճ, համառոտ թեզիսներ են։ Մարդիկ երկար կարդալ չեն սիրում և չեն կարողանում։ (Զարմանում եմ, որ այս ակնարկը մինչև այստեղ կարդացել եք։) 

Սակայն եթե օրական մեկ թեզիս (համար, նախադասություն) կարդանք Աստվածաշնչից, ապա այն կավարտենք 85 տարվա ընթացքում, քանի որ Աստվածաշնչում 31 165 համար (նախադասություն) կա։ Շատերը այդպես էլ վարվում են. ընդամենը մեկ նախադասություն օրական։ Ուրեմն արեք ձեր եզրակացությունը։

Օրական 20 րոպե Աստվածաշունչ ունկնդրելով, կարելի է այն ավարտել յոթ ամսում (216 օրում), քանի որ ձայնագրված Աստվածաշունչը հնչում է մոտ 72 ժամ։

Սիրելի քրիստոնյա, գոնե օրական 20 րոպե տրամադրիր քո Աստծո հետ շփվելուն։




2.  ԱՂՈԹՔ – ԱՅԲՈՒԲԵՆ

Մեր այբուբենն աշխարհում միակն է, որ ակրոհնչական 

եղանակով կազմված կապակցված խոսք է՝ Աստծուն ուղղված 

աղոթք… Այն գրել է Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսը 18-րդ 

դարում։ Նախ այն ներկայացնենք գրաբար, այնուհետև՝ 

աշխարհաբար։


Արարիչ Բովանդակ Գոյութեանց.
Դատաւոր Երկնից.
Զորավոր Էութիւն.
Ըստհուն Թագաւոր
Ժամանակաց, Իրաց, Լուսոյ, Խաւարի, Ծովուց, Կենսականաց, Համայնից.
 Ձայն Ղօղանջանաց.
Ճեմարան Մտաց.
Յիսուս Նազովրեցի.
Շնորհ Ոգեշունչ.
Չարեաց Պատաղիչ.
Ջանադիր Ռաբբի.
Սրբոց Վկայարան,
Տեր մեՐ Ցանկալի
ոՒ Փառք Քրիստոսիդ:



Արարիչ Բոլոր Գոյությունների.
Դատավոր Երկնքի.
Զորավոր Էություն.
Ըստհուն (Հավիտենական) Թագավոր
Ժամանակների, Իրերի, Լույսի, Խավարի, Ծովերի, Կյանքի, Համայնքների.
Ձայն Ղողանջող.
Ճեմարան Մտքի.
Յիսուս (Հիսուս) Նազովրեցի.
Շնորհ Ոգեշունչ.
Չարերի Պատռող.
Ջանադիր Ռաբբի.
Սուրբերի Վկայարան.
Տեր մեՐ Ցանկալի
ոՒ Փառք Քրիստոսիդ:



3.  ՀԱՃՈՒՅՔ՝ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ


 Մի անգամ ուսանողն ու նրա դասախոսը զբոսնում էին զբոսայգում։ Նրանք անցնում էին դաշտի մոտով, որտեղ մի մարդ էր աշխատում։ Նրանք նկատեցին մի զույգ հին կոշիկ և մի հին թիկնոց և եզրակացրին, որ դրանք պատկանում են այդ աղքատին։

Ուսանողը առաջարկեց վերցնել ու թաքցնել այդ կոշիկն ու թիկնոցը և թաքնվելով նայել, թե ինչ կանի այդ մարդը։

Դասախոսն առաջարկեց այլ կերպ վարվել. «Ուզո՞ւմ ես տեսածիցդ հաճույք ստանալ։ Չէ՞ որ դու հարուստ ես և, կարծում եմ, քեզ համար մեծ բան չէ նրա ամեն կոշիկի մեջ մեկական մետաղադրամ դնելը։ Հետո թաքնվիր և հետևիր, թե ինչ կլինի։ Վստահ եմ, որ դու մեծ հաճույք կզգաս»։

Ուսանողն այդպես էլ վարվեց. աննկատ կերպով նրա կոշիկների մեջ մեկական արժեքավոր մետաղադրամ դրեց։

Աղքատն ավարտեց իր աշխատանքը, մոտեցավ իր հագուստին, իր վրա գցեց թիկնոցը, հագավ կոշիկները... և զգաց, որ նրան ինչ-որ բան խանգարում է։ Հանեց մի կոշիկը և տեսավ, որ մեջը մետաղադրամ է, հանեց մյուսը՝ նորից մետաղադրամ։ Նա շուրջը նայեց և ոչ ոքի չտեսավ։ 

Աղքատի ուրախությանը չափ չկար։ Նա ծունկի իջավ, ձեռքերը երկինք բարձրացրեց և շնորհակալություն հայտնեց Արարչին օգնության համար իր կյանքի այդ դժվարին պահին, երբ նրա կինը հիվանդ էր։

Դասախոսը նայեց իր ուսանողի դեմքին և չկարողացավ զսպել իր ժպիտը, նրա աչքերում արցունքներ տեսնելով։ Նա հարցրեց. «Արդյոք հաճույք ստացա՞ր»։ Ուսանողը պատասխանեց. «Դա իմ կյանքի լավագույն դասն էր, որ ինձ  կարողացաք մատուցել»։

                                                                     «Աղքատին նեղողը նրա Արարչին է անարգում,                                                   բայց Նրան պատվողը տնանկին կողորմե» (Առակաց 14.31)։

Սիրելի քրիստոնյա« հաճա՞խ ես նմանատիպ հաճույք զգում քո կյանքում։



4.  ՎԱՐԴՈՎ  ԱՂՋԻԿԸ


Մեր շատ որոշումներ ազդում են մեր հետագա ողջ կյանքի վրա: Մենք կամ գտնում ենք կամ կորցնում: Այս պատմության հերոսը գտնում է, որովհետև առաջնորդվում է ոչ թե պահի ազդեցությամբ, այլ կամային որոշում է կայացնում` իր  բարոյական սկզբունքներին  համապատասխան:

Ջոն Բլենչարդը  բարձրացավ նստարանից, ուղղեց զինվորական համազգեստը և սկսեց ուշադիր զննել մարդկանց: Նա սպասում էր այն աղջկան, ում սիրտը գիտեր, բայց դեմքը երբեք չէր տեսել. նա սպասում էր վարդով աղջկան:

Ամեն ինչ սկսվել էր 13 ամիս առաջ, Ֆլորիդայի գրադարաններից մեկում: Նրան շատ էր հետաքրքրում մի գիրք, սակայն ոչ թե որոշակի գիրքը, այլ նրա մեջ արված նշումների հեղինակըՎերջինս անկասկած խորաթափանց միտք ուներ և զգայուն հոգի:
Ջոնը շատ ջանքեր թափեց և վերջապես գտավ գրքի նախկին տիրոջը: Օրիորդ Հոլիս Մեյնելն ապրում էր Նյու Յորքում: Նա գրեց իր մասին և առաջարկեց նամակագրություն  սկսել: Սակայն հենց հաջորդ օրը տղային բանակ տարան: Սկսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդ մեկ տարվա ընթացքում նրանք նամակագրական կապի մեջ էին և հիանալի ճանաչեցին միմյանց: Տղան շատ ծանր պահեր ապրեց. հուսահատությունը երբեմն խեղդում էր նրան: Այդ պահերին նրան սատարում էին աղջկա նամակները: Յուրաքանչյուր նամակ նման էր սրտի մեջ ընկնող սերմնահատիկի, որ ծլարձակում էր բարեբեր հողում: Սիրավեպին հրաշալի ապագա էր սպասվում:

Տղան  խնդրեց աղջկան` ուղարկել իր նկարը, սակայն վերջինս մերժեց: Աղջկա կարծիքով նշանակություն չունի, թե ինչ տեսք ունի ինքը, եթե իր մտադրությունները լուրջ են:

Երբ հասավ տղայի` Եվրոպա վերադառնալու ժամանակը, նրանք նշանակեցին առաջին  հանդիպումը` ժամը յոթին, Նյու Յորքի կենտրոնական կայարանում: «Դու այսպես կճանաչես ինձ,-  գրեց աղջիկը,- իմ կոստյումի վրա կարմիր վարդ խրված կլինի»:

Ուղիղ ժամը յոթին տղան կայարանում սպասում էր այն աղջկան, ում սիրտը սիրում էր, սակայն դեմքը երբեք չէր տեսել: Ահա թե ինչպես է նկարագրում նա հետագա ընթացքը.

«Ինձ ընդառաջ էր գալիս մի երիտասարդ աղջիկ. ես երբեք այդպիսի հիասքանչ էակ չէի տեսել. ձիգ, հիասքանչ մարմնաձևեր, երկար, բաց մազերը  թափված էին ուսերն ի վար, խոշոր, երկնագույն աչքերԻր գունատ-կանաչ կոստյումի մեջ նա նման էր հենց նոր վերադարձած գարնան: Ես այնքան  ցնցված էի` տեսնելով, թե ինչպես է նա մոտենում ինձ, որ բոլորովին մոռացա կարմիր վարդի մասին: Այն պետք է խրված լիներ նրա հագուստի վրա: Երբ մի քանի քայլ էր մնում, որ նա բախվի ինձ, ես տարօրինակ ժպիտ նկատեցի նրա դեմքին: «Թույլ տվեք անցնեմ,- ասաց նա,- դուք խանգարում եք ինձ»: Եվ հենց այդ պահին ես տեսա օրիորդ Հոլիս Մեյնելին: Նրա կոստյումի վրա փայլում էր վառ կարմիր վարդը

Իսկ կանաչ կոստյումով աղջիկն ավելի ու ավելի էր հեռանում: Ես նայեցի իմ առջև կանգնած կնոջը: Կինը կլիներ քառասունից ավելի: Նա ոչ թե պարզապես գեր էր, այլ շատ էր գեր: Հին, խունացած մի գլխարկ ծածկում էր նրա բարակ, գորշ մազերը: Դառը հիասթափությունից չգիտեի ինչ անել: Ես կարծես բաժանվում էի երկու մասի:

Մեծ  ցանկություն կար գնալ գեղեցիկ աղջկա ետևից: Սակայն միևնույն ժամանակ խոր էր իմ կապվածությունը և երախտագիտությունն այն կնոջ հանդեպ, ում նամակները ուժ էին տվել ինձ, սատարել իմ կյանքի ամենածանր պահերին: Ես նայեցի կնոջը. նա դեռ կանգնած էր: Նրա գունատ, թմբլիկ դեմքին բարի և անկեղծ ժպիտ էր գծագրվել, իսկ մոխրագույն աչքերը ջերմ կայծեր էին առկայծումԵս չտատանվեցի. ձեռքերումս սեղմելով փոքրիկ, կապույտ գիրքը, որով նա պետք էր ճանաչեր ինձ` ես մոտեցա նրան»:

- Ես լեյտենանտ  Ջոն Բլենչարդն եմ, իսկ դուք հավանաբար  Հոլիս Մեյնե՞լն եք: Կարո՞ղ եմ ընթրիքի  հրավիրել ձեզ:

Կնոջ դեմքին լայն ժպիտ հայտնվեց:
- Ինչի՞ մասին է խոսքը, զավակս, ես չեմ հասկանում ձեզ,- ասաց նա,- ահա այն երիտասարդ աղջիկը, որ հենց նոր գնաց, խնդրեց ինձ հագուստիս ամրացնել այս վարդը: Նա ասաց, որ եթե դուք մոտենաք և ընթրիքի հրավիրեք ինձ, ապա ես պետք է ձեզ ասեմ, որ ինքը սպասում է ձեզ հարևան ռեստորանում: Նա ասաց, որ դա յուրատեսակ փորձարկում էր:

Եվ այսպես, Ջոնը և Հոլիսն ամուսնացան: Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում: Սա բոլորիս պատմությունն է: Մենք էլ մեր կյանքում հանդիպում ենք այդպիսի մարդկանց` վարդերը  ձեռքներին: Նրանք կարող են լինել անհրապույր, չընդունված և մերժված: Մենք չենք ցանկանում մոտենալ նրանց, ցանկանում ենք արագ անցնել նրանց կողքով: Նրանք տեղ չունեն մեր սրտում, մեր հոգին փակ է նրանց առաջ:

Հոլիսը ստուգում կազմակերպեց Ջոնի համար` բնավորության խորության ստուգում: Եթե տղան շրջվեր և հեռանար, ապա կկորցներ իր ողջ կյանքի սերը: Իսկ եթե մենք է՞լ այսպիսի ստուգում անցնեինք

Կանգ առեք. մտածեք այն մարդկանց մասին, ում հետ չեք ցանկանում գործ ունենալ: Դուրս եկեք ձեր տաքուկ բնակարաններից և գնացեք անհրապույր, լքված ու մոռացված մարդկանց մոտ: Օգնեք նրանց, ինչով կարող եք: Թող դա էլ ձեր ստուգումը լինի:  

Այսօր շատերն ունեն դրա կարիքը` ճշմարիտ քրիստոնյայի կարիքը: Դուք կարող եք ձեր մի խոսքով կամ արարքով շարժել մարդկային սրտերը: Այցելեք բանտեր կամ հիվանդանոցներ, պարզապես հիվանդ մարդկանց: Հասկացեք նրանց կարիքը: Եվ ճիշտ որոշում կայացրեք. դրանից է կախված ձեր հետագա երջանկությունը և ինչու չէ` հավիտենական կյանքը:


Комментариев нет:

Отправить комментарий