3. Գիտություն

Այս բաժինը նվիրված է Աստվածաշնչին, գիտությանը, գիտնականներին և այլ հարակից հարցերին։ Այստեղ կհանդիպենք ամեն երեքշաբթի։

Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 4 հոդված։



1. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ


Հատկանշական է, որ տարվա առաջին օրը պետք է գրառումը կատարել գիտության հետ կապված։ Ինչպիսի՞ առնչության մեջ են գտնվում Աստվածաշունչը և գիտությունը։

Մարդկային կյանքն ունի՞ արդյոք որևէ իմաստ և նպատակ։ Գոյություն ունի՞ արդյոք Աստված։ Ի՞նչ է ասում այդ մասին գիտությունը։ Որտեղի՞ց ենք եկել, ո՞րն է մեր առաքելությունը և ո՞ւր ենք գնում։ Նմանատիպ հարցերը մեր հոգուն հանգիստ չեն տալիս, և յուրաքանչյուր մարդ ուշ, թե շուտ անդրադառնում է դրանց։

Նոր տարին դրդում է խորհել աշխարհի, կյանքի, մարդու և Աստծո մասին։ Եվ ստացվում է, որ Աստծո գոյության մասին հարցը այնքան էլ հեշտ չէ անտեսելը։

Երբ խոսք է գնում աշխարհի և կյանքի ծագման մասին, ապա վերջին տարիների գիտական հայտնագործությունները մեզ բերում են այն մտքին, որ դրանք ամենևին էլ պատահաբար չեն առաջացել, այլ դրանց ետևում կանգնած է Իմաստուն Միտքը։

Կարո՞ղ է արդյոք գիտությունը հաշվի չնստել Աստվածաշնչի հետ, կամ էլ Աստվածաշունչը անտեսի գիտության հայտնագործությունները։ 

Ալբերտ Էյնշտեյնին են պատկանում խոսքերը. «Գիտությունը առանց կրոնի կաղ է, կրոնը առանց գիտության՝ կույր»։ Կարծում եմ, որ մեզանից ոչ ոք չի ցանկանում կարևորագույն հարցերում լինել կաղ կամ կույր, ուստի անվարան հավանություն տանք Աստվածաշնչին և գիտությանը, առանց թերագնահատելու մեկը կամ մյուսը։

Ճշմարիտ գիտությունը չի կարող Աստծուն հաշվի չառնել իր ուսումնասիրություններում, իսկ քրիստոնեությունը՝ հաշվի չառնել գիտական հայտնագործությունները։ 

Սակայն, չմոռանանք, որ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ թե՜ գիտությունը, թե՜ քրիստոնեությունը կարող են լինել և՜ կեղծ, և՜ ճշմարիտ։ Ճշմարիտ քրիստոնեությունը համաձայնում է ճշգրիտ գիտության հետ, - ահա եզրակացությունը։

Մի հանգամանք էլ. թե՜ գիտությունը, թե՜ կրոնը չպետք է կանխակալ և փակ լինեն։

«Տիրոջ պես սուրբ չկա, որովհետև Քեզանից ջոկ չկա։ Այլևս հպարտությունով մի պարծեցեք, և ձեր բերանից մեծաբանություն դուրս չգա, որովհետև Տերը գիտությունների Աստվածն է և Նա կշռում է գործերը» (Ա Թագավորաց 2.2-3)։




        2.   ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈ՞ՒՄ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ 

  ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՏ





Մենք ապրում ենք գիտության դարում: Մարդը նորանոր հայտնագործություններ է անում և բացահայտում բնության գաղտնիքները: Ուստի առաջանում է բնական հարց. համաձայնեցվո՞ւմ են, արդյոք, ժամանակակից գիտությունը և հինավուրց Աստվածաշունչը:

Ինչքան էլ տարօրինակ թվա, պատասխանը կարող է լինել ՛ «այո», և՛ «ոչ»: Եթե խոսքն այն մասին է, թե մի՞շտ է, արդյոք, Աստծո խոսքը համաձայնեցվում գիտության հաստատված փաստերի հետ, ապա պատասխանը կլինի՝ «այո՛»: Բայց երբ հարցնում են. «Համաձայնեցվո՞ւմ է, արդյոք, Աստծո խոսքը գիտության տարբեր տեսությունների և դրանց հիման վրա արված իմաստասիրական հետևությունների հետ», ապա պատասխանը կլինի «ո՛չ»: 

Ասել, որ Աստվածաշունչը համաձայնեցվում է բոլոր գիտական տեսությունների հետ, նշանակում է ասել, որ Աստծո խոսքը անկատար է, քանի որ գիտական տեսություններն ու հետևություննեը մշտապես փոփոխվում են: Չմոռանանք, որ «գիտական» են կոչվում նաև այնպիսի տեսություններ, ինչպիսիք են աթեիզմը, կոմունիզմը և այլն: Բնական է, որ այդպիսի «գիտական» տեսությունների հետ Աստվածաշունչը չի կարող համահունչ լինել:

Նոր հայտնագործությունները մեկ օրվա մեջ կարող են ոչնչացնել գիտական տեսությունները: Գիտական գրքերը հնացած են համարվում հրատարակումից մի քանի տարի անց: Այդ պատճառով Աստվածաշունչը միշտ չէ, որ համաձայնվում է գիտնականների եզրահանգումների հետ: Ավելին՝ Աստվածաշունչը հաճախ ինքն է գիտական փաստեր բերում և տալիս շատ երևույթների գիտական մեկնաբանությունը:

Աստծո խոսքը խորապես ուսումնասիրողը կգտնի, որ ճշմարիտ գիտության և ճշմարիտ կրոնի միջև հակասություն չկա: Նրանք իրար հակասում են միայն այն ժամանակ, երբ սխալ են մեկնաբանվում: Աստվածաշունչը բնական գիտությունների դասագիրք կամ ձեռնարկ չէ, համենայն դեպս նա հիշատակում է նաև գիտական փաստեր, որոնք միանգամայն ներդաշնակ են ժամանակակից գիտական փաստերի և հայտնագործությունների հետ: 

Գիտությունը ենթակա է փոփոխությունների, իսկ Աստծո Խոսքը՝ ոչ: Հորն ուղղված աղոթքի մեջ Քրիստոսն ասում է. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17.17): Սուրբ Գրքի անփոփոխելիության մասին Եսայիա մարգարեն ասում է. «Խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան» (Եսայիա 40.8): Աստվածաշունչը հավերժական ճշմարտություններ է պարունակում, որոնք երբեք չեն փոխվում։ 


3. ՏԻԵԶԵՐՔԻ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տիեզերական թռիչքից վերադառնալով՝ Յուրի Գագարինը ասաց. «Ես տիեզերքում էի և Աստծուն չտեսա, նշանակում է Աստված չկա»: Որոշ շարքային մարդիկ այդ հայտարարությունը ընդունեցին որպես ճշմարտություն, որ ժամանակակից գիտությունը, իբր, հերքում է Աստծո գոյությունը: Մյուսներն էլ, տեսնելով, որ Գագարինը չհասավ նույնիսկ մինչև Լուսին, վճռեցին, որ նա իրավունք չուներ այդպիսի հայտարարություն կատարելու, կարծես, նա արդեն ուսումնասիրել էր ամբողջ տիեզերքը:

Դժվար է հստակ պատկերացում կազմել անսահման տիեզերքի մասին։ Մեր գալակտիկան լույսի արագությամբ անցնելու համար անհրաժեշտ է մեկ միլիոն տարի: Հիշեցնում եմ. լույսի արագությունն է մոտ 300000 կմ մեկ վայրկյանում: Մեր գալակտիկայից մինչև հաջորդ գալակտիկան հասնելու համար կպահանջվի ևս մեկուկես միլիոն տարի, իսկ այդպիսի գալակտիկաներ բիլիոններ են:

Ի հակադրություն Գագարինի, Լուսնի վրա վայրէջք կատարած ամերիկյան լուսնագնացների առաջին խումբը Լուսնի ուղեծրում կարդաց Աստվածաշնչի առաջին համարը և այն հեռուստատեսային կապի միջոցով հաղորդեց ամբողջ աշխարհի համար. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Դա վկայում էր նրանց հավատի մասին:

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր դոկտոր Արթուր Քեմփթընը այս տեքստի մասին գրել է.  «Ինձ համար հավատը սկսվում է այն մտքից, որ Բարձրագույն Էակը կյանքի է կոչել Տիեզերքը և ստեղծել մարդուն: Ինձ համար դժվար չէ ունենալ այդ հավատը, քանի որ անվիճելի է այն փաստը, որ այնտեղ, որտեղ կա ծրագիր, կա միտք»:

Միագամայն կարգավորված Տիեզերքը աստվածաշնչյան հայտնի համարի ճշմարտացի հավաստումն է. «Սկզբումն Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»:
Բոլոր դարերում իմաստուն մարդիկ զարմանքով ու հիացմունքով են նայել բնության մեջ գոյություն ունեցող կարգուկանոնին, ներդաշնակությանը և, գիտակցելով իրենց սահմանափակվածությունը կրկնել են սաղմոսերգուի հետ միասին. «Անզգամն (այլ թարգմանություններում՝ հիմարը, անմիտը) ասաց իր սրտում` Աստված չկա» (Սաղմոս 14.1):

«Վեր բարձրացրեք ձեր աչքերը և նայեք, ո՞վ է ստեղծել սրանց…» (Եսայիա 40.26):



4.  ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ

Հերքո՞ւմ են արդյոք, ժամանակակից գիտնականները այն Աստծուն, Ում հավատացել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Նյուտոնը, Գալիլեյը, Կոպերնիկոսը և ուրիշներ

Այն թույր կարծիքը, որ գիտնականները չեն հավատում Աստծուն, չի համապատասխանում իրականությանը: Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի գիտնական Մաքս Բորնը ասում է. «Շատ գիտնականներ են հավատում Աստծուն: Նրանք, ովքեր ասում են, որ գիտությունների ուսումնասիրությունը մարդուն աթեիստ է դարձնում, հավանաբար ինչ-որ տարօրինակ մարդիկ են»:

Քանի որ մենք տեղեկություններ չունենք մեր հայրենակից գիտնականների մեծ մասի կրոնական հայացքների մասին, ստիպված ենք մեջբերել միայն արտասահմանյան հայտնի գիտնականների ասույթները Աստծո հանդեպ ունեցած հավատի մասին:

1.  «Դա մեծ սուտ է, որ գիտնականների մեծ մասը աթեիստ է» (Դոկտոր Հ. Ալայա, քիմիկոս, ԱՄՆ):

2.  «Ես չեմ կարծում, որ իսկական գիտնականը կարող է աթեիստ լինել» (Դոկտոր Ֆ. Էրենբերգեր, քիմիկոս, Գերմանիա):

3.  «Ժամանակակից գիտությունը չի ոչնչացրել Աստվածաշնչի հիմնարար ճշմարտությունը: Ես հավատում եմ Աստծուն, ես հավատում եմ Հիսուսին, ես հավատում եմ Աստվածաշնչին» (Ա. Բերկե, քիմիկոս, Նորվեգիա):

4.  «Չկա հիմնարար պատճառ, թե ինչու գիտնականը չի կարող հավատալ Աստծուն և Աստվածաշնչին, ինչպես նաև, թե ինչու կրոնական մարդը պետք է հերքի գիտական հայտնագործությունները» (Դոկտոր Ջ. Ջոունսի, մաթեմատիկոս, Ավստրալիա):

5.  «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է իսկական աթեիստը գիտնական լինել» (Դոկտոր Ռ. Միշիկուն, Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր):

«Ով Աստծո մեծության և իմաստության, և գիտության խորությունը. ինչպես անքննելի են նրա դատաստանները, և անհասկանալի են Նրա ճանապարհները: Որովհետև ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղավ Նրա խորհրդակից: Որովհետև Նրանից և Նրանով և դեպի Նա է ամեն բան. նրան փառք հավիտյան։ Ամեն» (Հռովմեացիս 11.33-36): 


Комментариев нет:

Отправить комментарий