2. Աստվածաբանություն

Ամեն երկուշաբթի այս բաժնում տեղակայվում են համակարգված աստվածաբանությանը և աստվածաշնչյան աստվածաբանությանը վերաբերվող հոդվածները և նյութերը։

Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 4 հոդված։ 


1.  ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»` այս խոսքերը շատ հաճախ են հնչում նոր տարվա տոների կապակցությամբ։ Թե ինչու են մարդիկ Ամանորը և սուրբ Ծնունդը միմյանց հետ անմիջականորեն կապում, կանդրադառնանք մյուս շաբաթ, իսկ հիմա խոսենք Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ 

Ոմանք Քրիստոսի ծննդյան օրը համարում են դեկտեմբերի 25-ը, ոմանք՝ հունվարի 6-ը, իսկ երրորդները՝ հունվարի 7-ը։ Մի կողմ թողնելով Քրիստոսի ծննդյան օրվա հարցը, այսօր անդրադառնանք Քրիստոսի ծննդյան փաստին։

Աստվածաշնչին քիչ ծանոթ մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ Քրիստոսը Մարիամից Բեթլեհեմում ծնվելուց հետո էր, որ սկսեց գոյություն ունենալ։ Սակայն Աստծո խոսքը շատ հստակ է այդ կապակցությամբ։

Կարդանք Հովհաննեսի ավետարանի սկզբից. «Սկզբումն էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և Նրա փառքը տեսանք՝ ինչպես Հորից եղած միածնի փառք՝ շնորհով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.1-3,14)։

Այս համարներում հիշատակվող «Բան» բառը հունարեն բնագրի «Լոգոս» բառն է, որ մասնավորապես թարգմանվում է նաև «Խոսք», այսինքն Քրիստոսը Աստվածության մարմնավորված Խոսքն էր։

Նկատենք, որ Նա մինչև արարչագործությամբ ամեն ինչի կյանքի կոչելը գոյություն ուներ։ Քրիստոսի ծննդյան կապակցությամբ է, որ Եսայիա մարգարեն դեռևս Հին Կտակարանում գրում էր. «Մեզ համար մի Մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր. Խաղաղության Իշխան» (Եսայիա 9.6)։

Հատկանշական է, որ այս ամենն ասվում է Քրիստոսի ծննդյան համատեքստում։ Նա Աստված է, Հավիտենականության Հայրը, այսինքն հավիտենականությունը բխում է Քրիստոսից, Նա է ամեն ինչի Սկիզբը, Ով մարմնավորվելով դարձավ Մարդ, Բեթլհեմում ծնված Մանուկը։

«Փառք Աստծո բարձունքում, և երկրի վրա՝ խաղաղություն և մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.14)։

Սիրելի քրիստոնյա, իմ աղոթքն է առ Աստված ու մաղթանքն առ այն, որ Քրիստոսը այս տարվա ընթացքում ծնվի շատերի սրտում։

2. Ե՞ՐԲ Է ԾՆՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԸ

Այս ակնարկում կանդրադառնանք ոչ թե Քրիստոսի ծննդյան տարեթվին, այլ կքննարկենք միայն ամսաթվի հարցը։

Այսօր ավելի քան 2 միլիարդ մարդ Քրիստոսի ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին, մոտ 200 միլիոն մարդ՝ հունվարի 7-ին, իսկ հայերը տոնում են հունվարի 6-ին։

Մարդկության մյուս մասը ընդհանրապես Քրիստոսի ծնունդը չի տոնում։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով. նրանք քրիստոնյա չեն, այլ ուրիշ կրոնի ներկայացուցիչ։ Բայց կան քրիստոնյաներ, ովքեր նույնպես չեն տոնում Քրիստոսի ծնունդը։ Ո՞վ է ճիշտ։ Ո՞ր ամսաթիվն է ավելի արժանահավատ։

Միանգամից ասենք. ոչ մեկը։ Դեկտեմբերի 25, թե՞ հունվարի 7՝ սա պարզապես հին ու նոր տոմարների տարբերության հարց է։ Էությամբ դա նույնն է։

Քրիստոնեության պատմության առաջին երկու դարերի ընթացքում Քրիստոսի ծննդյան օրը ընդհանրապես չեն նշել որպես տոն։ Միայն երկրորդ դարի վերջից մինչև չորրորդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում են այն նշել հունվարի 6-ին։ 

336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակում է որպես Քրիստոսի ծննդյան օր։ Հայերը մնացել են նախկին դիրքորոշմանը. Քրիստոսի ծնունդը և մկրտությունը նշել հունվարի 6-ին։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս հարցը խորությամբ ուսումնասիրելուց հետո։

1.  Քրիստոսի ծննդյան օրվա մասին ոչինչ չի ասվում Աստվածաշնչում։ Ուշադրությամբ ուսումնասիրելով Աստվածաշունչը, տեսնում ենք, որ Քրիստոսի ծնունդը ավելի հավանական է, որ լիներ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Նույն ժամանակահատվածին է վերաբերվում նաև Քրիստոսի մկրտությունը։

2.   Աստվածաշունչը չի պատվիրում տոնել կամ ինչ-որ կերպ հիշատակել Քրիստոսի ծնունդը։ Եթե ինչ-սր բան հիշատակելու կարիք կա, ապա դա Քրիստոսի մահվան հիշատակության պատվերն է, որը կատարվում է հաղորդության միջոցով։

3.   Չկա որևէ աստվածաշնչյան հիշատակում կամ պատմական փաստ առ այն, որ Քրիստոսի ծնունդը տոնվել է կամ նշվել վաղ քրիստոնյաների կողմից։

4.  Ավելին՝ դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը տոնելը կապվում է հեթանոսական ավանդույթների հետ։ Հին Բաբելոնում բնության աստվածուհի Իզիդային նվիրված օրն էր դա։ Հյուսիսային Եվրոպայում ձմեռային գիշերահավասարի օրը համարվում էր արևի աստծու՝ Միհրի ծննդյան օրը։ 

Հեթանոսական Հռոմում դեկտեմբերի 25-ին կատարվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես նաև Սատուրնալիա տոնը գյուղատնտեսության աստված Սատուրնի պատվին։ Կարծիք կա, որ Հռոմի եկեղեցին Քրիստոսի ծննդյան օրը սահմանեց դեկտեմբերի 25-ը, նպատակ հետապնդելով վերացնել հեթանոսական արևի աստծուն նվիրված տոնակատարությունը, սակայն իրականում այն դարձրեց հեթանոսական։ 

Ավելի կարևոր բան կա, քան միայն Քրիստոսի ծննդյան ճշգրիտ օրն իմանալը։ Եթե անհրաժեշտ լիներ, ապա Աստված Իր Գրքում կնշեր երբ է դա տեղի ունեցել և կպատվիրեր տոնել այդ օրը։ Իսկ ավելի կարևորն այն է, որ մենք թույլ տանք Քրիստոսը ծնվի մեր սրտում։ Սա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ, այլ Աստծո փափագը։

Քրիստոսի ծննդյան ժամանակ երկնային զորքը երգում էր. «Փառք Աստծուն բարձունքում, և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն» (Ղուկաս 2.14)։

«Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում» (Փիլիպպեցիս 4.7)։

              3.  «ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐԸ



«Աստվածաբանություն» խորագրի տակ տեղակայված նախորդ երկու հոդվածները նվիրվել են Քրիստոսի ծննդյան օրվանը, քանզի դա համընկնում էր Սուրբ ծնունդի տոնի հետ։


Այսօր կդիտարկենք հենց «աստվածաբանություն» եզրը։ «Աստվածաբանություն» բառը թարգմանաբար առաջացել է հունարեն θεολογία  (թեոլոգիա) բառից, որն իր հերթին բաղկացած է երկու բառերից. θεός  (թեոս) - «Աստված» և  λόγος  (լոգոս) - «բան, խոսք, ուսմունք, գիտություն» բառերից, այսինքն աստվածաբանությունը գիտություն է Աստծո մասին։ «Աստվածաբանություն» բառը սկզբում օգտագործվել է քրիստոնեական ուսմունքը ի նկատի ունենալով, այնուհետև այն նշանակել է գիտություն Աստծո մասին։ Այսօր այն ավելի լայն իմաստ ունիղ որոշակի կրոնական ուսմունքի համակարգված շարադրանք։

Այս հարցում շատ է կարևորվում Աստծո մասին գիտության աղբյուրի հարցը։ Տրամաբանորեն պետք է որ այդ աղբյուրը լիներ Աստվածաշունչը, սակայն, դժբախտաբար, աստվածաբանական միտքը իր վրա կրում է ինչպես աստվածաշնչյան, այնպես էլ իմաստասիրական՝ փիլիսոփայական մտքի ազդեցությունը։

Աստծո մասին ուսմունքը իր վրա կրում է նաև բնության ուսումնասիրության վրա հիմնված ազդեցությունը։ Այսպիսի աստվածաբանությունը կոչվում է բնական աստվածաբանություն։

«Սկզբում Աստված...» (Ծննդոց 1.1), «Սկզբումն էր Բանը (λόγος, լոգոս)… և Բանը Աստված (θεός, թեոս) էր» (Հովհաննես 1.1-2)։ «Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթեոս 6.33)։ Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է լուծել Սկզբի՝ Աստծո հետ կապված հարցերը, իսկ մնացած հարցերը երկրորդական են։

Աստծո մասին մեր պատկերացումները շատ կարևոր դեր են կատարում մեր կյանքում փրկության տեսակետից։ Նույնիսկ ավելին՝ Աստծուն ճանաչելը հենց հավիտենական կյանքն է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված, և Նրան որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։

Քանի որ աստվածաբանությունը պետք է զերծ լինի մարդկային մտքի ազդեցությունից, ուստի կարևորվում է Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով Աստծո մասին գիտելիքի ձեռքբերումը։ «Կարո՞ղ ես Աստծո խորհուրդը գտնել կամ Ամենակարողի էությանը հասնել» (Հոբ 11.7)։ Այն, ինչ մենք կարող ենք իմանալ Աստծո մասին, պետք է բացահայտվի մեզ Աստվածաշնչից։

                            4.  ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ


«Սկզբումն Աստված...» (Ծննդոց 1.1) - այսպես է սկսվում Աստվածաշունչը։  Աստծուց բացի ամեն ինչ ունի իր սկիզբը։ Միայն Աստված չունի սկիզբ և վերջ։ Նա ամենազոր է, ամենակարող և հավիտենական։

Հաշվի նստելով այս կարևոր հանգամանքի հետ, մենք հասկանում ենք, որ Աստծուն ճանաչելը և նրա հետ ճիշտ հարաբերություններ հաստատելը կարևորագույն բանն է մարդու համար։ «Սա է  հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված, և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։ Բայց Ո՞վ է Աստված։ Ո՞ւմ ենք պատկերացնում «Աստված» ասելով։

Գոյություն ունի միայն մեկ Աստված։ Աստվածաշունչն ուսումնասիրողները հասկանում են, որ «Աստված» ասելով Սուրբ Գիրքը ի նկատի ունի Երրորդությունը։

Չնայած Աստվածաշնչում «Երրորդություն» եզրույթը չի հանդիպում, բայց այդ գաղափարի առկայությունը ակնհայտ է։ Աստված ներկայանում է երեք համահավասար Անձերի Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջոցով։

Աստվածության տարբեր Անձերի գոյության փաստը չի հակասում միաստվածության գաղափարին, որն ընդգծվում է Սուրբ Գրքում։

Հին կտակարանում ուղղակի ցուցում չկա Աստծո եռամիասնության մասին, բայց կան բավականին հստակ ակնարկներ և հիշատակումներ այդ մասին։

Եսայիա մարգարեի մոտ (Եսայիա 48.16) հանդիպում ենք այսպիսի նախադասություն. «Հիմա Եհովա Տերն է (Հայրը) ինձ (Աստծո որդուն) ուղարկել և Նրա Հոգին (Սուրբ Հոգին)»։ 

Նոր կտակարանում Երրորդությունը ավելի հստակ է ներկայանում։ Մեջբերենք միայն երկու  համար։

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.19)։

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, և Աստծո սերը, և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13.13)։

Комментариев нет:

Отправить комментарий