5. Հաջողակ քրիստոնյա

Ամեն հինգշաբթի այս բաժնում տեղակայվում են բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտություններին, կյանքի իմաստին, արժեքներին, նպատակներինառաքելությանըտեսիլին և հարակից հարցերին, ինչպես նաև հաջողությանը վերաբերվող հոդվածներ և նյութեր։

Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 4 հոդված։

1.  ՀՈԳԵՎՈՐ ՕՐԱԳԻՐ


Օրագի՞ր։ Հետն էլ «հոգևոր»։ Ինչների՞ս է պետք։ Դուք՝ սիրելի քրիստոնյաներ, մտովի արդեն հասցրի՞ք տալ այս հարցը։ Առաջին բանը, որ մենք հիշում են «օրագիր» բառը լսելիս, հավանաբար, դպրոցական օրագիրն է, որտեղ նշվում են աշակերտի գնահատականները, նշումներ են կատարվում նրա վարքի մասին։ Բայց գուցե ոմանք հիշեցին իրենց առաջին օրագիրը, որտեղ սիրահարական նշումներ էին կատարում պատանեկան տարիքում, սիրուն նվիրված բանաստեղծություններ էին արտագրում կամ հավաքում ընկեր-ընկերուհիների կարծիքները իր մասին։ Օրագիրը, որի մասին մենք խոսում ենք, ավելին է, քան միայն վերը թվարկվածը։

Ինչո՞ւմն է հոգևոր օրագրի անհրաժեշտությունը։ Սա դիտարկում ենք հոգևորության համատեքստում: Հոգևոր օրագիրը միջոց է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևորության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև՝  մասնագիտական կամ եկեղեցական գործունեությունը համակարգելու համար: Բարձր արդյունավետ քրիստոնյաներին հույժ կարևոր է հոգևոր օրագիր ունենալը։

Շատ մեծ մարդիկ են օրագիր պահել: Առաջին անգամ ես որոշեցի օրագիր գրել, երբ մագիստրատուրայի դասերի ժամանակ հիշատակվեց մի կարևոր հայտնագործության մասին, որը կատարել էր մի աստվածաբան, և այդ մասին գտել էին նրա օրագրում գրված:

Մարդու կյանքի ամբողջ ընթացքը, գործունեության բոլոր ոլորտները առնչվում են օրագրի հետ: Օրագիր գրելու դեպքում ոչինչ չի կորչում: Օրը  10-15 րոպեն կարող է ամեն ինչ վճռել:

Հոգևոր օրագիրը կարող է հոգևոր աճի աղբյուր հանդիսանալ, ինչպես նաև՝ Աստծո նախախնամությունը տեսնելու միջոց։ Աստվածաշնչի ուսումնասիրության արդյունքները գրվում են այդպիսի օրագրում։

Հոգևոր օրագրի տեսակներն են. անձնական, ուսումնասիրության, ավետարանչական, գործնական, ճանապարհորդական, կենցաղային, պատմական, հավաքածու, գրական և բլոգ (համացանցային օրագիր)։

«Մի ոսկե սափոր առ, դրա մեջ մեկ չափ  մանանա լցրու և դիր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար» (Ելից 16.33)։


2.  ՀԱՋՈՂԱԿ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Վերոնշյալ վերտառությամբ խորագրի տակ կխոսվի քրիստոնյայի հաջողության և առաջադիմության մասին։ Ոմանց կարծիքով քրիստոնյա լինելը արդեն անհաջողակ լինելու վկայություն է։  Դժբախտաբար որոշ քրիստոնյաների կյանքը առիթ է տալիս այդպիսի կարծիք կազմելու։ Ուստի կարևոր է դառնում Աստվածաշնչի հիման վրա համոզվելը, որ Աստված իր հետևորդներից հաջողություն է ակնկալում բոլոր առումներով. ֆիզիկական, մտավոր, հուզական և հոգևոր։ Հաջողակ քրիստոնյան կյանքում մշտական հաղթանակներ է տանում անձնական և հասարակական առումներով։

Պողոս առաքյալը իր երիտասարդ գործակցին ուղղված ուղերձում դրդում է նրան ձգտել հաջողության և առաջադիմության։ Ահա այդ հատվածը Աստվածաշնչից. «Թող ոչ ոք քո երիտասարդությունը չարհամարհի, այլ օրինա՜կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։ Մինչև իմ գալը, հետամտի՜ր Աստծու խոսքը ընթերցել, hորդորել և ուսուցանել հավատացյալներին։ Զանց մի՜ առ այն շնորհը, որ քո մեջ էԱյդ բանի վրա մտածի՜ր և հարատևի՜ր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։ Զգո՜ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ. և հարատևի՜ր դրանում։ Եթե այդ բանն անես, կփրկես և՜ քեզ, և՜ նրանց, որ լսում են քեզ, (Ա Տիմոթեոս 4.12-16)։

Աստվածաշնչյան մեկ այլ հատված նշում է քրիսսոնյայի հաջողության ճանապարհը. «Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պեսորովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես» (Հեսու 1.8)։

Սիրելի՜ քրիստոնյա, հաջողա՞կ ես արդյոք կյանքում։ Մտորիր այս հարցի շուրջ և անկեղծ պատասխանիր այս հարցին։ Աստծուց խնդրիր, որ քեզ իմաստություն տա այս հարցում ճիշտ մոտեցում գտնելու։ Թող Աստված քեզ օրհնի գտնել քո հաջողության ճանապարհը։

Հ.Գ.

Նախորդ գրառումը նվիրել էի հոգևոր օրագրին մի պարզ պատճառով. տարվա սկիզբն է և ճիշտ կլիներ սկսել գրառումներ կատարել օրագրում։ Դա կնպաստի ավելի հաջողակ քրիստոնյա դառնալուն։

Ամեն հինգշաբթի կհանդիպենք «Հաջողակ քրիստոնյա» խորագրի ներքո։ Սպասում եմ Ձեր արձագանքներին նաև մեկնաբանությունների տեսքով։ Ցանկալի է, որպեսզի մենք կիսվենք նաև մեր խոհերով, փորձառությամբ, գաղափարներով, անհամաձայնությամբ կամ համաձայնությամբ, առաջարկություններով։


3.  ՎԵՐԱԴԱՐՁ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՅԻՆ

 Որտեղի՞ց ենք վերադառնում Բնավորության էթիկային (բարոյականությանը)։

Հաջողության նկատմամբ կարող է լինել երկու մոտեցում. 1) Անձի էթիկան որպես հաջողության հիմք, 2) Բնավորության էթիկան որպես հաջողության հիմք։ Ինչո՞վ են սրանք միմյանցից տարբերվում։

Անձի էթիկան կենտրոնանում է անձի արտաքին հաջողությունների վրա. վարք և արարքներ, հմտություններ և գործեր։ Դա կրոնի մեջ դրսևորվում է գործերով Աստծուն հաճո լինելու և փրկության արժանանալու ձգտման մեջ։ Քրիստոսի օրերում այդ թակարդի մեջ էին հայտնվել փարիսեցիներից, դպիրներից և մյուս հավատացյալներից շատերը։

Բնավորության էթիկան շեշտադրում է անձի էության կարևորությունը. ո՞վ եմ ես, ինչպիսի՞ն է իմ բնավորությունը, էությունը և մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։

Համաշխարհային երկրորդ պատերազմին նախորդող 150 տարվա ժամանակաշրջանը արևմտյան հասարակության համար հաջողության ոլորտում հիմնվում էր Բնավորության էթիկայի վրա. այստեղ խոսքը գնում էր անկեղծության, հավատարմության, չափավորության, արիության, արդարության, համբերատարության, աշխատասիրության, պարզության և Ոսկե կանոնին («Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց», Մատթեոս 7.12) հետևելու պատրաստակամության մեջ։

Քսաներորդ դարի երկրորդ կեսը ավելի շատ Անձի էթիկայի դարաշրջան էր, սակայն նորից եկավ Բնավորության էթիկայի ժամանակաշրջանը։ Այսօր անհնար է հասնել իրական հաջողության առանց բնավորության զարգացմանն և կատարելագործմանը սևեռուն  ուշադրություն դարձնելու։

Աստվածաշնչի դիրքորոշումը Բնավորության էթիկային կողմն է։ Աստծուն հետաքրքրում է, թե ով ենք մենք և ոչ թե ինչ ենք մենք անում։ Փոխհարաբերությունները Աստծո և մարդկանց հետ առաջին պլան են մղվում։

«Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը» (Առակաց 4.23)։



4.   ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՅՈԹ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հաջողակ քրիստոնյա լինելու համար շատ կարևոր է արդյունավետությունը։ Արդյունավետ քրիստոնյաները ունեն որոշակի հմտություններ կամ սովորույթներ։ Դրանք նպաստում են առաջադիմությանը։ Դրանք համառոտ կերպով ներկայացվում են ստորև՝ համապատասխան աստվածաշնչյան կարճ հիմնավորումներով։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  1.  ԵՂԵՔ ԵՌԱՆԴՈՒՆ
Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտություններից առաջինը ենթադրում է եռանդունություն, կյանքի նկատմամբ հստակ դիրքորոշում, ակտիվություն դեպի բարին։ Այս հմտության հետ կապված հասկացություններն են անկախությունը, ինքնագիտակցումը, ազատ ընտրությունը, նախաձեռնությունը, պատասխանատվությունը և առաջադիմությունը։ Ձգտումը իմանալ սեփական կյանքի իմաստն ու նպատակը սերտորեն կապվում է առաջին հմտության հետ։ Հռոմեացիս 12.11-ում Պողոսն ասում է. «Ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք»։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  2.  ՍԿՍԵՔ ՎԵՐՋԻՑ
Երկրորդ հմտությունը վկայում է մարդու ապագայի գիտակցական իմաստավորման մասին: Քրիստոսը խորհուրդ է տալիս ծրագրել ապագան (տե՜ս Ղուկաս 14.28-32): Հայացք ձգելով ապագային, սկսելով վերջից, այս հմտությունն ունեցող մարդը կարող է ծրագրել իր ապագան: Ապագան ծրագրելու համար հարկ է խորհրդակցել Աստծո հետ և պարզել անձնական առաքելությունը:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  3. ՆԱԽ` ԿԱՐԵՎՈՐԸ
Երրորդ հմտությունը դրսևորվում է առաջին հերթին կարևորը անելու մեջ: Քրիստոսի խորհուրդը այդ կապակցությամբ գտնվում է լեռան քարոզի մեջ՝ Մատթեոս 6.33: Հաշվի առնելով հունարեն բնագիրը, այս համարը թարգմանվում է այսպես. «Նախ ձգտեք հասնել Աստծո արքայությանը և Նրա արդարությանը, իսկ մնացածը ձեզ կտրվի»: Կարևորը անելու համար անհրաժեշտ է պարզել մեր դերերը, նպատակները, ծրագրերը՝ անձնական, ընտանեկան, աշխատանքային և եկեղեցական առումներով:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  4. ՀԱՂԹԵՔ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ
Չորրորդ հմտությունը դրսևորվում է երկուստեք, փոխադարձաբար հաղթանակի հասնելու մեջ: Բախման արդյունքում հնարավոր են չորս տեսակի ելքեր. հաղթանակ-պարտություն, պարտություն-հաղթանակ, պարտություն-պարտություն և հաղթանակ-հաղթանակ: Այս տարբերակները կիրառելի են տարբեր պարագաներում, սակայն հիմնական լավագույնը համարվում է հաղթանակ-հաղթանակ տարբերակը: Տե՜ս Հայտնություն  3.21: Հաղթանակի արդյունքում Հայր Աստվածը, Քրիստոսը և բոլոր փրկվածները կիսում են գահը:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  5.  ՀԱՍԿԱՑԵՔ ՀԱՍԿԱՑՎԵԼՈՎ
Հինգերորդ հմտությունը դրսևորվում է ապրումակցային ունկնդրման, դիմացինին հասկանալու և նրա կողմից հասկացված լինելու մեջ: Այլ խոսքերով՝ խոսքը փոխըմբռնման մասին է: Միայն էմպատիկ, ապրումակցային ունկնդրումն է բերում փոխըմբռնմանը: Պողոսը խորհուրդ է տալիս. «Ուրախացողների հետ ուրախացեք, և լացողների հետ լացեք» (Հռոմեացիս 12.15): Քրիստոսի տված ոսկե կանոնը (Մատթեոս 7.12) այս հմտության հիմքն է հանդիսանում. «Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց»։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  6.  ՁԳՏԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Վեցերորդ հմտությունը դրսևորվում է անհատների համատեղ գործունեության, համագործակցության մեջ: Այս հմտությունն ունեցող մարդիկ մշտապես ձգտում են համագործակցության, սիներգիայի: Սիներգիան երկու բաղադրիչ մասերի պարզ գումարը չէ, այլ` շատ ավելին: Սիներգիան ենթադրում է միաբանություն, համերաշխություն, համագործակցություն, տարբեր պարգևների բամազանության առկայություն և տարբերությունների օգտագործում:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  7.  ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՔ
Յոթերորդ հմտությունը դրսևորվում է մշտապես չորս առումներով կատարելագործման մեջ: Այդ չորս ոլորտներն են. ֆիզիկականը, մտավորը, հուզականը և հոգևորը իրենց համապատասխան գործողություններով: Աստվածաշնչում ակնհայտ է մշտապես կատարելագործվելու անհրաժեշտությունը: Քրիստոսը այդ կապակցությամբ կոչ է անում Մատթեոս 5.48-ում. «Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարյալ է»։
                                                                                                                                         

Комментариев нет:

Отправить комментарий