20.01.2013

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Ինչպես ցանկացած գիրք, այնպես էլ Աստվածաշունչը ունի իր հեղինակը, սակայն տվյալ պարագայում, ի տարբերություն մնացած դեպքերի, Աստվածաշնչի հեղինակը մարդը չէ, այլ Ինքն Աստված: Աստված Իրեն հայտնել է Հին և Նոր կտակարանների միջոցով: Այդ իմաստով կարելի է ասել, որ Աստված Սուրբ գրքի Հեղինակն է: Գոյություն ունեն Սուրբ գրքի աստվածային ծագման ապացույցներ, որոնց կանդրադառնանք ընթացքում:

Իսկ հիմա պարզենք, թե իր հեղինակի մասին ինչ է ասում Աստվածաշունչը: Կարդանք Սուրբ գրքից մի հատված. «Երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ»  (Բ Պետրոս 1.21):

Աստվածության երրորդ անձնավորությունը՝ Սուրբ Հոգին, առաջնորդել, ուղղորդել է Աստծուն նվիրված մարդկանց մտքերը Աստվածաշնչի գրվածքը շարադրելիս: Հայտնի քարոզիչ և առաքյալ Պողոսը գործակից Տիմոթեոսին հղած ուղերձում գրում է. «Ամեն գիրք Աստվածաշունչ են» (Բ Տիմոթեոս 3.16): Այստեղ շեշտվում է այն գաղափարը, որ Աստվածաշնչում տեղ գտած յուրաքանչյուր գիրք գրված է «Աստծո շնչով»: Սուրբ Գրքի հայերեն անվանումը՝ «Աստվածաշունչ» իմաստային արտահայտման տեսակետից ավելի ճշգրիտ անվանում է, քան «Բիբլիան»:

 Մեկ մեջբերում ևս Աստվածաշնչյան Եբրայեցիս գրքից. «Շատ մասերով և շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջի օրերում խոսեց մեզ հետ Որդով» (Եբրայեցիս 1.1-2):

Այս հատվածից հետևում է, որ Աստված Իր ճշմարտությունները հաղորդել է և հաղորդում է «սուրբ մարդկանց» և մարգարեների միջոցով, օգտագործելով հաղորդկացության տարբեր ձևեր: Աստված նրանց ուղարկում էր մտքեր, գաղափարներ, երազներ, տեսիլքներ, որոնք նրանք շարադրում էին իրենց խոսքերով: Չնայած նրանց վկայությունները կատարվում էին մարդկային անկատար լեզվով, սակայն նրանք մնում են որպես հենց իր՝ Աստծո վկայություններ:

Նրանք, ովքեր գրում էին Աստծո մտքերն ու գաղափարները, Աստծո գրիչը չէին հանդիսանում: Ներշնչումը ոչ թե ներգործում է մարդու խոսքերի ու արտահայտությունների վրա, այլ հենց մարդու վրա: Խոսքերը կրում են տվյալ անձնավորության կնիքը: Իհարկե, տվյալ դեպքում բացառություն են կազմում 10 պատվիրանները, որոնք գրվել են անձամբ Աստծո ձեռքով:

Այսպիսով Աստվածաշնչում միաձուլված են աստվածայինը և մարդկայինը: Բանը «մարմին եղավ՝ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1.14): Այս խոսքերը, որ վերաբերվում են Քրիստոսի մարմնացմանը, իրավացի են տվյալ պարագայում նույնպես:

Գրողները, որոնք մասնակցել են ամբողջ Սուրբ գրքի կազմմանը թվով մոտ քառասունն են:

Սիրելի ընթերցող« Աստված քեզ համար կազմել է հատուկ գիրք՝ Աստվածաշունչը« ուստի արժե դրան առանձնահատուկ ուշադրություն ընծայել։

Комментариев нет:

Отправить комментарий