Մեր շատ որոշումներ ազդում են մեր հետագա ողջ կյանքի վրա: Մենք կամ գտնում ենք կամ կորցնում: Այս պատմության հերոսը գտնում է, որովհետև առաջնորդվում է ոչ թե պահի ազդեցությամբ, այլ կամային որոշում է կայացնում` իր բարոյական սկզբունքներին համապատասխան:
Ջոն Բլենչարդը
բարձրացավ նստարանից, ուղղեց զինվորական համազգեստը և սկսեց ուշադիր զննել մարդկանց: Նա սպասում էր այն աղջկան, ում սիրտը գիտեր, բայց դեմքը երբեք չէր տեսել. նա սպասում էր վարդով աղջկան:
Ամեն ինչ սկսվել էր 13 ամիս առաջ, Ֆլորիդայի գրադարաններից մեկում: Նրան շատ էր հետաքրքրում մի գիրք, սակայն ոչ թե որոշակի գիրքը, այլ նրա մեջ արված նշումների հեղինակը: Վերջինս անկասկած խորաթափանց միտք ուներ և զգայուն հոգի:
Ջոնը շատ ջանքեր թափեց և վերջապես գտավ գրքի նախկին տիրոջը: Օրիորդ Հոլիս Մեյնելն ապրում էր Նյու Յորքում: Նա գրեց իր մասին և առաջարկեց նամակագրություն սկսել: Սակայն հենց հաջորդ օրը տղային բանակ տարան: Սկսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդ մեկ տարվա ընթացքում նրանք նամակագրական կապի մեջ էին և հիանալի ճանաչեցին միմյանց: Տղան շատ ծանր պահեր ապրեց. հուսահատությունը երբեմն խեղդում էր նրան: Այդ պահերին նրան սատարում էին աղջկա նամակները: Յուրաքանչյուր նամակ նման էր սրտի մեջ ընկնող սերմնահատիկի, որ ծլարձակում էր բարեբեր հողում: Սիրավեպին հրաշալի ապագա էր սպասվում:
Տղան խնդրեց աղջկան` ուղարկել իր նկարը, սակայն վերջինս մերժեց: Աղջկա կարծիքով նշանակություն չունի, թե ինչ տեսք ունի ինքը, եթե իր մտադրությունները լուրջ են:
Երբ հասավ տղայի` Եվրոպա վերադառնալու ժամանակը, նրանք նշանակեցին առաջին հանդիպումը` ժամը յոթին, Նյու Յորքի կենտրոնական կայարանում: «Դու այսպես կճանաչես ինձ,- գրեց աղջիկը,- իմ կոստյումի վրա կարմիր վարդ խրված կլինի»:
Ուղիղ ժամը յոթին տղան կայարանում սպասում էր այն աղջկան, ում սիրտը սիրում էր, սակայն դեմքը երբեք չէր տեսել: Ահա թե ինչպես է նկարագրում նա հետագա ընթացքը.
«Ինձ ընդառաջ էր գալիս մի երիտասարդ աղջիկ. ես երբեք այդպիսի հիասքանչ էակ չէի տեսել. ձիգ, հիասքանչ մարմնաձևեր, երկար, բաց մազերը թափված էին ուսերն ի վար, խոշոր, երկնագույն աչքեր… Իր գունատ-կանաչ կոստյումի մեջ նա նման էր հենց նոր վերադարձած գարնան: Ես այնքան ցնցված էի` տեսնելով, թե ինչպես է նա մոտենում ինձ, որ բոլորովին մոռացա կարմիր վարդի մասին: Այն պետք է խրված լիներ նրա հագուստի վրա: Երբ մի քանի քայլ էր մնում, որ նա բախվի ինձ, ես տարօրինակ ժպիտ նկատեցի նրա դեմքին: «Թույլ տվեք անցնեմ,- ասաց նա,- դուք խանգարում եք ինձ»: Եվ հենց այդ պահին ես տեսա օրիորդ Հոլիս Մեյնելին: Նրա կոստյումի վրա փայլում էր վառ կարմիր վարդը…
Իսկ կանաչ կոստյումով աղջիկն ավելի ու ավելի էր հեռանում: Ես նայեցի իմ առջև կանգնած կնոջը: Կինը կլիներ քառասունից ավելի: Նա ոչ թե պարզապես գեր էր, այլ շատ էր գեր: Հին, խունացած մի գլխարկ ծածկում էր նրա բարակ, գորշ մազերը: Դառը հիասթափությունից չգիտեի ինչ անել: Ես կարծես բաժանվում էի երկու մասի:
Մեծ ցանկություն կար գնալ գեղեցիկ աղջկա ետևից: Սակայն միևնույն ժամանակ խոր էր իմ կապվածությունը և երախտագիտությունն այն կնոջ հանդեպ, ում նամակները ուժ էին տվել ինձ, սատարել իմ կյանքի ամենածանր պահերին: Ես նայեցի կնոջը. նա դեռ կանգնած էր: Նրա գունատ, թմբլիկ դեմքին բարի և անկեղծ ժպիտ էր գծագրվել, իսկ մոխրագույն աչքերը ջերմ կայծեր էին առկայծում… Ես չտատանվեցի. ձեռքերումս սեղմելով փոքրիկ, կապույտ գիրքը, որով նա պետք էր ճանաչեր ինձ` ես մոտեցա նրան»:
- Ես լեյտենանտ Ջոն Բլենչարդն եմ, իսկ դուք հավանաբար Հոլիս Մեյնե՞լն եք: Կարո՞ղ եմ ընթրիքի հրավիրել ձեզ:
Կնոջ դեմքին լայն ժպիտ հայտնվեց:
- Ինչի՞ մասին է խոսքը, զավակս, ես չեմ հասկանում ձեզ,- ասաց նա,- ահա այն երիտասարդ աղջիկը, որ հենց նոր գնաց, խնդրեց ինձ հագուստիս ամրացնել այս վարդը: Նա ասաց, որ եթե դուք մոտենաք և ընթրիքի հրավիրեք ինձ, ապա ես պետք է ձեզ ասեմ, որ ինքը սպասում է ձեզ հարևան ռեստորանում: Նա ասաց, որ դա յուրատեսակ փորձարկում էր:
Եվ այսպես, Ջոնը և Հոլիսն ամուսնացան: Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում: Սա բոլորիս պատմությունն է: Մենք էլ մեր կյանքում հանդիպում ենք այդպիսի մարդկանց` վարդերը ձեռքներին: Նրանք կարող են լինել անհրապույր, չընդունված և մերժված: Մենք չենք ցանկանում մոտենալ նրանց, ցանկանում ենք արագ անցնել նրանց կողքով: Նրանք տեղ չունեն մեր սրտում, մեր հոգին փակ է նրանց առաջ:
Հոլիսը ստուգում կազմակերպեց Ջոնի համար` բնավորության խորության ստուգում: Եթե տղան շրջվեր և հեռանար, ապա կկորցներ իր ողջ կյանքի սերը: Իսկ եթե մենք է՞լ այսպիսի ստուգում անցնեինք…
Կանգ առեք. մտածեք այն մարդկանց մասին, ում հետ չեք ցանկանում գործ ունենալ: Դուրս եկեք ձեր տաքուկ բնակարաններից և գնացեք անհրապույր, լքված ու մոռացված մարդկանց մոտ: Օգնեք նրանց, ինչով կարող եք: Թող դա էլ ձեր ստուգումը լինի: Այսօր շատերն ունեն դրա կարիքը` ճշմարիտ քրիստոնյայի կարիքը: Դուք կարող եք ձեր մի խոսքով կամ արարքով շարժել մարդկային սրտերը: Այցելեք բանտեր կամ հիվանդանոցներ, պարզապես հիվանդ մարդկանց: Հասկացեք նրանց կարիքը: Եվ ճիշտ որոշում կայացրեք. դրանից է կախված ձեր հետագա երջանկությունը և ինչու չէ` հավիտենական կյանքը:
Комментариев нет:
Отправить комментарий