01.01.2013

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ



Հատկանշական է, որ տարվա առաջին օրը պետք է գրառումը կատարել գիտության հետ կապված։ Ինչպիսի՞ առնչության մեջ են գտնվում Աստվածաշունչը և գիտությունը։

Մարդկային կյանքն ունի՞ արդյոք որևէ իմաստ և նպատակ։ Գոյություն ունի՞ արդյոք Աստված։ Ի՞նչ է ասում այդ մասին գիտությունը։ Որտեղի՞ց ենք եկել, ո՞րն է մեր առաքելությունը և ո՞ւր ենք գնում։ Նմանատիպ հարցերը մեր հոգուն հանգիստ չեն տալիս, և յուրաքանչյուր մարդ ուշ, թե շուտ անդրադառնում է դրանց։

Նոր տարին դրդում է խորհել աշխարհի, կյանքի, մարդու և Աստծո մասին։ Եվ ստացվում է, որ Աստծո գոյության մասին հարցը այնքան էլ հեշտ չէ անտեսելը։

Երբ խոսք է գնում աշխարհի և կյանքի ծագման մասին, ապա վերջին տարիների գիտական հայտնագործությունները մեզ բերում են այն մտքին, որ դրանք ամենևին էլ պատահաբար չեն առաջացել, այլ դրանց ետևում կանգնած է Իմաստուն Միտքը։

Կարո՞ղ է արդյոք գիտությունը հաշվի չնստել Աստվածաշնչի հետ, կամ էլ Աստվածաշունչը անտեսի գիտության հայտնագործությունները։ 

Ալբերտ Էյնշտեյնին են պատկանում խոսքերը. «Գիտությունը առանց կրոնի կաղ է, կրոնը առանց գիտության՝ կույր»։ Կարծում եմ, որ մեզանից ոչ ոք չի ցանկանում կարևորագույն հարցերում լինել կաղ կամ կույր, ուստի անվարան հավանություն տանք Աստվածաշնչին և գիտությանը, առանց թերագնահատելու մեկը կամ մյուսը։

Ճշմարիտ գիտությունը չի կարող Աստծուն հաշվի չառնել իր ուսումնասիրություններում, իսկ քրիստոնեությունը՝ հաշվի չառնել գիտական հայտնագործությունները։ 

Սակայն, չմոռանանք, որ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ թե՜ գիտությունը, թե՜ քրիստոնեությունը կարող են լինել և՜ կեղծ, և՜ ճշմարիտ։ Ճշմարիտ քրիստոնեությունը համաձայնում է ճշգրիտ գիտության հետ, - ահա եզրակացությունը։

Մի հանգամանք էլ. թե՜ գիտությունը, թե՜ կրոնը չպետք է կանխակալ և փակ լինեն։

«Տիրոջ պես սուրբ չկա, որովհետև Քեզանից ջոկ չկա։ Այլևս հպարտությունով մի պարծեցեք, և ձեր բերանից մեծաբանություն դուրս չգա, որովհետև Տերը գիտությունների Աստվածն է և Նա կշռում է գործերը» (Ա Թագավորաց 2.2-3)։

Комментариев нет:

Отправить комментарий