14.01.2013

Ե՞ՐԲ Է ԾՆՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԸ




Այս ակնարկում կանդրադառնանք ոչ թե Քրիստոսի ծննդյան տարեթվին, այլ կքննարկենք միայն ամսաթվի հարցը։

Այսօր ավելի քան 2 միլիարդ մարդ Քրիստոսի ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին, մոտ 200 միլիոն մարդ՝ հունվարի 7-ին, իսկ հայերը տոնում են հունվարի 6-ին։
Մարդկության մյուս մասը ընդհանրապես Քրիստոսի ծնունդը չի տոնում։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով. նրանք քրիստոնյա չեն, այլ ուրիշ կրոնի ներկայացուցիչ։ Բայց կան քրիստոնյաներ, ովքեր նույնպես չեն տոնում Քրիստոսի ծնունդը։ Ո՞վ է ճիշտ։ Ո՞ր ամսաթիվն է ավելի արժանահավատ։

Միանգամից ասենք. ոչ մեկը։ Դեկտեմբերի 25, թե՞ հունվարի 7՝ սա պարզապես հին ու նոր տոմարների տարբերության հարց է։ Էությամբ դա նույնն է։

Քրիստոնեության պատմության առաջին երկու դարերի ընթացքում Քրիստոսի ծննդյան օրը ընդհանրապես չեն նշել որպես տոն։ Միայն երկրորդ դարի վերջից մինչև չորրորդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում են այն նշել հունվարի 6-ին։ 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակում է որպես Քրիստոսի ծննդյան օր։ Հայերը մնացել են նախկին դիրքորոշմանը. Քրիստոսի ծնունդը և մկրտությունը նշել հունվարի 6-ին։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս հարցը խորությամբ ուսումնասիրելուց հետո։

1.  Քրիստոսի ծննդյան օրվա մասին ոչինչ չի ասվում Աստվածաշնչում։ Ուշադրությամբ ուսումնասիրելով Աստվածաշունչը, տեսնում ենք, որ Քրիստոսի ծնունդը ավելի հավանական է, որ լիներ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Նույն ժամանակահատվածին է վերաբերվում նաև Քրիստոսի մկրտությունը։

2.   Աստվածաշունչը չի պատվիրում տոնել կամ ինչ-որ կերպ հիշատակել Քրիստոսի ծնունդը։ Եթե ինչ-սր բան հիշատակելու կարիք կա, ապա դա Քրիստոսի մահվան հիշատակության պատվերն է, որը կատարվում է հաղորդության միջոցով։

3.   Չկա որևէ աստվածաշնչյան հիշատակում կամ պատմական փաստ առ այն, որ Քրիստոսի ծնունդը տոնվել է կամ նշվել վաղ քրիստոնյաների կողմից։

4.  Ավելին՝ դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը տոնելը կապվում է հեթանոսական ավանդույթների հետ։ Հին Բաբելոնում բնության աստվածուհի Իզիդային նվիրված օրն էր դա։ Հյուսիսային Եվրոպայում ձմեռային գիշերահավասարի օրը համարվում էր արևի աստծու՝ Միհրի ծննդյան օրը։ Հեթանոսական Հռոմում դեկտեմբերի 25-ին կատարվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես նաև Սատուրնալիա տոնը գյուղատնտեսության աստված Սատուրնի պատվին։ Կարծիք կա, որ Հռոմի եկեղեցին Քրիստոսի ծննդյան օրը սահմանեց դեկտեմբերի 25-ը, նպատակ հետապնդելով վերացնել հեթանոսական արևի աստծուն նվիրված տոնակատարությունը, սակայն իրականում այն դարձրեց հեթանոսական։ 

Ավելի կարևոր բան կա, քան միայն Քրիստոսի ծննդյան ճշգրիտ օրն իմանալը։ Եթե անհրաժեշտ լիներ, ապա Աստված Իր Գրքում կնշեր երբ է դա տեղի ունեցել և կպատվիրեր տոնել այդ օրը։ Իսկ ավելի կարևորն այն է, որ մենք թույլ տանք Քրիստոսը ծնվի մեր սրտում։ Սա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ, այլ Աստծո փափագը։

Քրիստոսի ծննդյան ժամանակ երկնային զորքը երգում էրղ «Փառք Աստծուն բարձունքում, և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն» (Ղուկաս 2.14)։

«Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում» (Փիլիպպեցիս 4.7)։

Комментариев нет:

Отправить комментарий