23.01.2013

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵԿՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ


«Կարիք չկա մեկնաբանել Աստվածաշունչը, պարզապես կարդացեք այն և կատարեք, ինչ այնտեղ գրված է»։ Այս մոտեցումը Աստվածաշնչի մեկնաբանները կատակով անվանել են «Մարիամի սկզբունք»։ Մի առիթով Քրիստոսի մայր Մարիամը խորհուրդ տվեց. «Ինչ որ ասե ձեզ, արեք» (Հովհաննես 2.5)։ Սակայն Սուրբ գիրքը լրջությամբ ուսումնասիրողները հասկանում են, որ ամեն ինչ չէ, որ այդ աստիճան պարզունակ է։

Մեզնից երկու հազար տարի առաջ գրվածը նույն ձևով հասկանալը և կատարելը երբեմն կարող է անհեթեթությունների հասցնել։ Աստվածաշնչի ուսումնասիրության պարագայում կարևորը տվյալ հատվածի սկզբունքը հասկանալը և կիրառելն է։ Այլ խոսքերով, պետք է պարզել, ի՞նչ է նշանակում ինձ համար այս աստվածաշնչյան պատումը, պատվիրանը կամ արտահայտությունը՝ «այստեղ և հիմա»։

Մյուս կողմից, կարելի է համաձայնել, որ շատ մեկնաբանների անբարեխիղճ մոտեցման պատճառով շատ է պղտորվում աստվածաշնչյան զուլալ ջուրը։ Ամեն դեպքում յուրաքանչյուր ընթերցող, ուզի թե չուզի, արդեն մեկնաբան է ելնելով իր աշխարհայացքից, մոտեցումներից և ըմբռնողության աստիճանից։ Ի՞նչ անել։ Ինչպե՞ս համոզվել, որ ճիշտ ճանապարհին ենք գտնվում։

Գոյություն ունի գիտություն, որ կոչվում է «հերմենևտիկա»։ Այս եզրույթը վերաբերվում է ոչ միայն Աստվածաշնչի, այլև բոլոր հինավուրց գրքերի մեկնաբանություններին։ Հերմենևտիկան իր մեջ ընդգրկում է նաև տեքստի էգզեգեզան (վերլուծությունը, բառացի՝ իմաստի դուրս բերումը)։

«Հերմենևտիկա» (ἑρμηνευτική) բառը առաջացել է հունարեն ἑρμηνεύω (հերմենեուո – մեկնում եմ, թարգմանում եմ) բայից։

Հերմենևտիկայի արվեստին չտիրապետելն է պատճառը, որ այդքան շատ են Աստվածաշնչի անհեթեթ մեկնաբանություններն ու մոլորությունները։

Աստվածաշունչը շեշտում է Սուրբ գրքի մեկնության անհրաժեշտությունը.  «Կարդում էին Աստծո օրենքի գրքում հստակ և բացատրություն տալով հասկացնում էին կարդացածը» (Նեեմիա 8.8)։

Երբ Փիլիպպոսը եթովպացի ներքինիին հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ»։ Ներքինին պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե մեկը չառաջնորդե ինձ» (Գործք առաքելոց 8.30-31)։

Նույնն էր անում նաև Հիսուսը. «Սկսելով Մովսեսից և բոլոր մարգարեներից մեկնում էր (διερμηνεύω (դիերմենեուո) – մեկնել, բացատրել, թարգմանել) նրանց՝ ինչ որ գրքերի մեջ գրված էր Իր մասին» (Ղուկաս 24.27)։ 

Комментариев нет:

Отправить комментарий