«Սկզբումն Աստված...» (Ծննդոց 1.1) - այսպես է սկսվում Աստվածաշունչը։ Աստծուց բացի ամեն ինչ ունի իր սկիզբը։ Միայն Աստված չունի սկիզբ և վերջ։ Նա ամենազոր է, ամենակարող և հավիտենական։
Հաշվի նստելով այս կարևոր հանգամանքի հետ, մենք հասկանում ենք, որ Աստծուն ճանաչելը և նրա հետ ճիշտ հարաբերություններ հաստատելը կարևորագույն բանն է մարդու համար։ «Սա է
հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված, և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։ Բայց Ո՞վ է Աստված։ Ո՞ւմ ենք պատկերացնում «Աստված» ասելով։
Գոյություն ունի միայն մեկ Աստված։ Աստվածաշունչն ուսումնասիրողները հասկանում են, որ «Աստված» ասելով Սուրբ Գիրքը ի նկատի ունի Երրորդությունը։
Չնայած Աստվածաշնչում «Երրորդություն» եզրույթը չի հանդիպում, բայց այդ գաղափարի առկայությունը ակնհայտ է։ Աստված ներկայանում է երեք համահավասար Անձերի Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջոցով։
Աստվածության տարբեր Անձերի գոյության փաստը չի հակասում միաստվածության գաղափարին, որն ընդգծվում է Սուրբ Գրքում։
Հին կտակարանում ուղղակի ցուցում չկա Աստծո եռամիասնության մասին, բայց կան բավականին հստակ ակնարկներ և հիշատակումներ այդ մասին։
Եսայիա մարգարեի մոտ (Եսայիա 48.16) հանդիպում ենք այսպիսի նախադասություն. «Հիմա Եհովա Տերն է (Հայրը) ինձ (Աստծո որդուն) ուղարկել և Նրա Հոգին (Սուրբ Հոգին)»։
Նոր կտակարանում Երրորդությունը ավելի հստակ է ներկայանում։ Մեջբերենք միայն երկու համար։
«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.19)։
«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, և Աստծո սերը, և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13.13)։
Комментариев нет:
Отправить комментарий