31.01.2013

ԵՌԱՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԻԵԶԵՐՔ


Եռամիասնական Տիեզերքը եռամիասնությունների եռամիասնություն է։ Ինչպես Աստվածությունն է եռամիասնական« այնպես էլ՝ Նրա կողմից ստեղծված Տիեզերքը։ Այն ստեղծված է իր Արարիչ Աստծու եռամիասնական էությունը արտահայտելու համար։

Մենք ընդունում ենք, որ Տիեզերքը գոյություն ունի տարածության, ժամանակի և նյութի  (մատերիայի) միասնության մեջ։ Վերջիններս իրենց հերթին նույնպես հանդիսանում են եռամիասնական« որպես Աստվածության մոդել։

Տարածությունը եռաչափ է. հակիրճության համար դրանք անվանենք երկարություն, լայնություն և բարձրություն։ Ինչպես մեկ չափումը անհնար է տեսնել առանց երկրորդ չափման (լայնության) և անհնար է զգալ առանց երրորդ չափման, այդպես էլ ոչ ոք չի կարող տեսնել Հորը, եթե ոչ Հիսուսի միջոցով և զգալ աստվածությունը առանց Սուրբ Հոգու։ Տարածությունը իր ծավալով չափվում է  միայն երեք չափումները բազմապատկելով։

Երրորդության «մաթեմատիկան»  ոչ թե 1+1+1=1  է, որը սխալ կլինի, այլ 1x1x1=1, որը և հանդիսանում է ճշմարտություն։

Ժամանակը բաժանվում է անցյալի, ներկայի և ապագայի։ Անցյալում այն ապրված է, ներկայում հայտնվում է, իսկ ապագան ամբողջ ժամանակի անտեսանելի և անշոշափելի աղբյուրն է։

Նյութը  (մատերիան) գոյություն ունի որպես էներգիա, տեսանելի է շարժման մեջ և զգացվում է երևույթի մեջ։

Այսպիսով եռամիասնական Տիեզերքը գոյություն ունի տարածության մեջ, հայտնվում է նյութի տեսքով և ճանաչվում է ժամանակի մեջ։ Նույն կերպ Աստվածությունը գոյություն ունի Հայր Աստծո մեջ, նյութականապես հայտնվում է Որդու միջոցով և զգացվում, վերապրվում է Սուրբ Հոգու միջոցով։

«Որովհետև Նրա աներևույթ բաները աշխարհի սկզբիցն ստեղծվածներով իմացվելով տեսնվում են, որ է՝ Նրա մշտնջենավոր զորությունը և Աստվածությունը, այնպես որ անպատասխան կմնան» (Հռոմեացիս 1.20)։

30.01.2013

ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ


«Սկզբումն Աստված...» (Ծննդոց 1.1) - այսպես է սկսվում Աստվածաշունչը։  Աստծուց բացի ամեն ինչ ունի իր սկիզբը։ Միայն Աստված չունի սկիզբ և վերջ։ Նա ամենազոր է, ամենակարող և հավիտենական։

Հաշվի նստելով այս կարևոր հանգամանքի հետ, մենք հասկանում ենք, որ Աստծուն ճանաչելը և նրա հետ ճիշտ հարաբերություններ հաստատելը կարևորագույն բանն է մարդու համար։ «Սա է  հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված, և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։ Բայց Ո՞վ է Աստված։ Ո՞ւմ ենք պատկերացնում «Աստված» ասելով։

Գոյություն ունի միայն մեկ Աստված։ Աստվածաշունչն ուսումնասիրողները հասկանում են, որ «Աստված» ասելով Սուրբ Գիրքը ի նկատի ունի Երրորդությունը։

Չնայած Աստվածաշնչում «Երրորդություն» եզրույթը չի հանդիպում, բայց այդ գաղափարի առկայությունը ակնհայտ է։ Աստված ներկայանում է երեք համահավասար Անձերի Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջոցով։

Աստվածության տարբեր Անձերի գոյության փաստը չի հակասում միաստվածության գաղափարին, որն ընդգծվում է Սուրբ Գրքում։

Հին կտակարանում ուղղակի ցուցում չկա Աստծո եռամիասնության մասին, բայց կան բավականին հստակ ակնարկներ և հիշատակումներ այդ մասին։

Եսայիա մարգարեի մոտ (Եսայիա 48.16) հանդիպում ենք այսպիսի նախադասություն. «Հիմա Եհովա Տերն է (Հայրը) ինձ (Աստծո որդուն) ուղարկել և Նրա Հոգին (Սուրբ Հոգին)»։ 

Նոր կտակարանում Երրորդությունը ավելի հստակ է ներկայանում։ Մեջբերենք միայն երկու  համար։

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.19)։

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, և Աստծո սերը, և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13.13)։