Պատվիրանը սովորաբար պատվերի
տեսքով է հնչում։ Այդ իսկ պատճառով ներկայացնելով Աստվածաշնչի ուսումնասիրության պատվիրանները,
կաշխատենք տալ այդ ձևակերպումները պատվերի տեսքով։ Այսօրվանից սկսած կներկայացվեն այդ
պատվիրաններից հիմնականները։
Աստվածաշնչի ուսումնասիրության
առաջին պատվիրանի անվանումն է «Միայն Աստվածաշունչ» (Sola Scriptura), որը կարելի է ձևակերպել
այսպես. «Աստվածաշունչն ուսումնասիրիր
միայն Աստվածաշնչով»։ Սա սոփեստություն կամ նույնաբանություն չէ։ Սա նշանակում է, որ Աստվածաշունչը ինքն իր մեկնաբանն
է։
«Առաջ այս գիտացեք, որ Գրքերի
ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև երբեք մի մարգարեություն
չտրվեց մարդկանց կամքի պես, այլ Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ» (Բ Պետրոս
1.20-21)։
Այս համարում «հատուկ» թարգմանված
բառը հունարեն ιδιoς (իդիոս)
բառն է, որը թարգմանվում է.«իր, սեփական, մասնավոր, անձնական»։ Այլ խոսքերով, Պետրոս
առաքյալն ասում է, որ Աստվածաշնչի Գրքերը մեկնաբանելիս չենք կարող տալ մեր սեփական,
անձնական մեկնաբանությունը, քանի որ դրանք գրվել են Սուրբ Հոգու կողմից և ոչ թե մարդկային
կամքով։
Այսինքն Աստվածաշունչն ուսումնասիրելիս
հարկ է, որպեսզի օգտագործենք նրա մյուս մասերը տվյալ հատվածը հասկանալու համար։ Այսինքն
հենց Ինքը Սուրբ Հոգին է, որ պետք է մեզ մեկնաբանի անհասկանալին Աստվածաշնչի այլ հատվածների
հիման վրա։
Հին կտակարանում նույնպես Աստված
զգուշացնում է սեփական մեկնաբանություն կիրառելու վտանգից։
«Եվ
երբ որ ձեզ ասեն. Հարցրեք մեռելահարցուկներին և վհուկներին… Դուք էլ նրանց ասեք. Չէ՞
որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնե. կենդանիների համար մեռածների՛ն դիմե: Օրենքին
և վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն»
(Եսայիա 8.19,20)։ Ինչպե՞ս հարցնել Աստծուն։ Սուրբ Գրքի միջոցով, օրենքին և վկայությանը
դիմելով։
Աստվածաշունչն ինքն է ամեն ճշմարտության
չափանիշը։ «Որովհետև ես վկայում եմ ամենին,
որ լսում են այս գրքի մարգարեության խոսքերը. Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա,
Աստված էլ կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են» (Հայտնություն
22.18)։
Այսպիսով՝ առաջին պատվիրան՝ միայն
Աստվածաշունչ։
Հ.Գ.
Ստորև տրվում է Աստվածաշունչը
կարդալու ծրագիրը փետրվար ամսվա համար։ Փետրվարի 1-10-ը կարդում ենք Ղևտացոց գիրքը, 11-24-ը՝ Թվոց գիրքը,
իսկ 25-28-ը՝ Երկրորդ Օրինաց գիրքը։ Համապատասխան ամսաթվի կողքին նշվում է, թե որ գլուխները
պետք է կարդալ։
1= Ղևտացիս 1-4 գլուխներ,
2=5-7, 3= 8-10, 4=11-12, 5=13-14, 6=15-16, 7=17-19, 8=20-22, 9=23-25, 10=26-27,
11= Թվոց 1-3, 12=4-6, 13=7-8, 14=9-11, 15=12-14, 16=15-16, 17=17-19, 18=20-21,
19=22-24, 20=25-27. 21=28-30, 22=31-32, 23=33-34, 24=35-36, 25= Երկրորդ Օրինաց
1-4, 26=4-6, 27=7-9, 28=10-12